Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվն աճել է 1...

Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն առայժմ ամփոփված է միայն կիսամյակի կտրվածքով. այն կազմել է 770 հազ մարդ, ինչը նախորդ տարվա համեմատ ավելի է եղել 12,3%-ով։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

Նախարարն անդրադարձել է նաև միջազգային վարկանիշային ցուցակներում Հայաստանի վարկանիշի փոփոխմանը։

  • Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունը բարձրացրել է Հայաստանի վարկանիշը՝ B1-ից Ba3: Վարկանիշի բարձրացման համար հիմք են հանդիսացել՝ մակրոտնտեսական կայունությունը, կառավարության բարեփոխումների օրակարգը և դրա իրականացման հանձնառությունը, հարկաբյուջետային քաղաքականությունը և տնտեսության կառուցվածքային փոփոխությունները։
  • Հայաստանը Մրցունակության համաշխարհային ինդեքսում բարելավել է իր դիրքերը մեկ կետով` զբաղեցնելով 69-րդ հորիզոնականը 141 երկրների շարքում:
  • Հայաստանն առաջին անգամ գնահատվել է ՏՀԶԿ/OECD կողմից վարվող՝ oտարերկրյա ուղղակի ներդրումների կարգավորումների սահմանափակման ինդեքսի գնահատման համակարգում։ Ինդեքսը գնահատում է երկրում առկա սահմանափակումների մակարդակը՝ օտարերկրյա ուղղակի ներդրումների կարգավորումների միջավայրում։ Ներառում է 22 ոլորտ` գյուղատնտեսություն, արդյունաբերություն, էլեկտրականություն, մշակող արդյունաբերություն և հիմնական ծառայությունները՝ տրանսպորտ, շինարարություն, մատակարարում, կապ, անշարժ գույք, ֆինանսական և մասնագիտական ծառայություններ: Գնահատվող 70 երկրների թվում Հայաստանը օտարերկրյա ներդրումների համար սահմանված կարգավորումների բարենպաստությամբ հայտնվել է առաջին տասնյակում:
  • Հրապարակվել է Համաշխարհային տնտեսական ֆորումի Համաշխարհային զբոսաշրջության և ճամփորդության մրցունակության զեկույցը, որտեղ Հայաստանը բարելավել է դիրքը 5 կետով` գնահատվելով 79-րդը: Զեկույցը համեմատում է 140 երկրների 90 ցուցանիշ, որոնք դասվում են 14 խմբերում և չորս հիմնական ոլորտներում՝ Միջավայրի ակտիվացում, զբոսաշրջության քաղաքականություն և խթանող հանգամանքներ, ենթակառուցվածքներ, բնական և մշակութային ռեսուրսներ: