Հայ-վրացական հարաբերություններն այժմ առավել ք...

Այսօր Հայաստանը մասամբ փակեց իր սահմանը Իրանի հետ։ Սա, թեեւ մի կողմից հասկանալի եւ նաեւ փոքր ինչ ուշացած որոշում էր, հաշվի առնելով, որ Իրանում արդեն ավելի քան չորս տասնյակ կորոնավիրուսով վարակված մարդ կա եւ ութ զոհ, սակայն մյուս կողմից չափազանց վտանգավոր է։

Ըստ էության, Հայաստանը կամաց-կամաց հայտնվում է լիակատար շրջափակման մեջ։ Ներկայումս փակ են Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ սահմանները, մասամբ փակ է Իրանի հետ սահմանը։

Փաստացի, Հայաստանի լիարժեք կապն արտաքին աշխարհի հետ իրականացվում է միայն Վրաստանի հետ բաց սահմանի միջոցով։ Սա ինչ խոսք չափազանց բարդ է, քանի որ Երեւանը փաստացի կերպով կախման մեջ է հայտնվում Թբիլիսիից, ինչպես նաեւ՝ Ռուսաստանից։

Հայաստանը հիմա տիտանական ջանքեր պետք է ներդնի, որպեսզի ամեն գնով հայ-վրացական սահմանը բաց մնա, իսկ Լարսում էլ հանկարծ կամա կամ ակամա պատահարներ չլինեն, ու ճանապարհը չփակվի, այլապես հետեւանքները լինելու են էապես ծանր, քանի որ վատթարագույն սցենարի դեպքում Հայաստանում ապրանքները սկսելու են նկատելիորեն թանկանալ։

Երեւանն այժմ ամեն բան անելու է, որ հանկարծ Թբիլիսիի վրա թուրք-ադրբեջանական ազդեցությունը չներառի նաեւ հայկական ուղղությունը, որպես Հայաստանին «ծունկի բերելու միջոց», հատկապես որ եւ Թուրքիան եւ Ադրբեջանը կուզենային, որ Հայաստանը հայտնվեր լիակատար օղակի մեջ, թուլացած վիճակում։