Հայ մասնագետները Covid-19-ի դեմ պայքարի համար...

Հայաստանը շարունակում է ջանքեր գործադրել կորոնավիրուսի դեմ սեփական միջոցներով պայքարելու համար: Այս անգամ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի մասնագետները պատրաստել են օզոնային 20 գեներատոր, որոնք նախատեսված են փակ տարածքների, նաև բժշկական սարքավորումների ախտահանման համար:

ՀՀ առողջապահության նախարարությունն արդեն ձեռք է բերել դրանք: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին պատմեց լաբորատորիայի տնօրեն Անի Ապրահամյանը:
 
«Մեր լաբորատորիան ընդհանուր առմամբ այս գործերով չի զբաղվում, բայց քանի որ կորոնավիրուսի, արտակարգ դրության պատճառով անհրաժեշտություն կար, մենք որոշեցինք մի բան անել: Եվ մտածեցինք՝ ամենալավն այն կլինի, որ կարողանանք մի բան ստեղծել, որը կախտահանի»,-պատմեց Ապրահամյանը:
 
Նա օզոնային գեներատորի գաղափարը հիշել է մի սփյուռքահայ բժշկի հետ խոսակցությունից, փնտրել է այդ մարդուն, գտել Հայաստանում, միասին քննարկել են հարցը, բարեփոխել դիզայնն ու սկսել պատրաստման գործընթացը: «Օզոնային գեներատորներ շատ կան աշխարհում և տարբեր կիրառություններ ունեն: Մեզ համար կարևոր էր մտածել մի բան, որը կոչնչացնի վիրուսը: Մեր սարքած օզոնային գեներատորները կարող են 1 ժամվա մեջ 140 խորանարդ մետր ախտահանել»,-ասաց Ապրահամյանն ու հավելեց՝ թայմեր են տեղադրել 2 ժամվա համար:
 
Սարքի կիրառման ժամանակ սենյակում չպետք է մարդ լինի, օզոնը շնչառության համար վնաս է: Մասնագետները սկզբում պատրաստել են մեկ օրինակ, այն ներկայացրել Առողջապահության նախարարությանը: Նախարարությունից խումբ են ուղարկել, նայել այն, հավանություն տվել և 20 հատ ձեռք բերելու ցանկություն հայտնել: Օզոնային գեներատորներ արտադրվում են նաև Չինաստանում, սակայն Հայաստանում չեն եղել: Ապրահամյանի խոսքով՝ Չինաստանում յուրաքանչյուրի արժեքը կարող է տատանվել 100-1000 դոլարի շրջանակում: «Մեր սարքածը միջին որակի մի բան եղավ՝ համեմատելով չինականի հետ: Յուրքանչյուրի համար նյութերի ծախսը կազմեց 42 հազար դրամ, գործն անվճար արեցինք»,-ասաց նա ու նշեց՝ անհրաժեշտության դեպքում դրանք կարող են վաճառել 60-80 հազար դրամի սահմաններում:
 
Ապրահամյանը նշեց նաև՝ մտածել է, քանի որ հիմա մարդիկ մեկուսացված են, եթե ցանկանան իրենց տներն ախտահանել, կարող են այն վերցնել ախտահանել ու վերադարձնել: Նրա խոսքով՝ ներկայում օզոնային գեներատորներով հետաքրքրվողները, դիմողները շատ են: Ինժեներական քաղաքի հետ քննարկում են դրա արտադրության կազմակերպման հետ կապված հարցեր: 20 օզոնային գեներատորները պատրաստվել են մեծամասամբ ձեռքով: Աշխատել են հիմնականում 8 հոգով: «Երիտասարդ ինժեներների հետ գիշեր-ցերեկ աշխատելով հասցրեցինք 20 հատ արտադրել 10 օրում: Մեծ ջանք ենք գործադրել, քանի որ ձեռքով ենք պատրաստել հիմնականում: Եթե արտադրություն լիներ գործարանում, ավելի հեշտ կլիներ, այդքան ժամանակ չէր պահանջվի, ձեռքով հավաքելը բավականին դժվար գործ է»,-ասաց Աբրահամյանն ու հույս հայտնեց, որ ապագայում ավելի լավերը արտադրելու հնարավորություն կունենան:
 
ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնեց, որ նախարարության կողմից գնված 20 օզոնային գեներատորները տեղադրվելու են հիվանդանոցներում: Իսկ, թե որ հիվանդանոցներում կտեղադրվեն, կորոշվի՝ ըստ անհրաժեշտության:
 
Նոր տիպի կորոնավիրուսը՝ Covid-19-ը ի հայտ է եկել Չինաստանի Ուհան քաղաքում նախորդ տարվա վերջին` խլելով բազմաթիվ մարդկանց կյանքեր: Այնուհետև այնտեղից տարածվելով վիրուսը հասել է աշխարհի շատ երկրներ: Հայաստանում ապրիլի 27-ի ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 1808 է, արձանագրվել է մահվան 29 դեպք, բուժվածների թիվը 848 է: Այս պահին փաստացի բուժում է ստանում 931 պացիենտ: Երկրում հայտարարված է արտակարգ դրության ռեժիմ: