Հանուն ինչի չեղարկվեց Ավինյանի հրաժարականը․ փ...

Օրերս վարչապետի գործերի նախկին կառավարիչ, ՔՊ անդամ Գևորգ Աճեմյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ազատվելու է աշխատանքից․ «Լավ լուր հատկապես ամուլսարցիներիս համար` Ավինյանը հենց նոր ազատվեց աշխատանքից։ Ինտրիգը պահելու համար չեմ ասի տեղն ով է լինելու։ Մի քանի օրից կամ արտակարգ իրավիճակի պրծնելուն պես լուրը պաշտոնապես կճպցնեն կառավարության կայքում»,-գրել էր Աճեմյանը։

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ մենք տեղեկացրել էինք, որ վարչապետ Փաշինյանի և փոխվարչապետ Ավինյանի հարաբերությունները լարված են։ Փաշինյանին անհանգստացնում է իր վարկանիշի անկումը և Ավինյանի վարկանիշի բարձրացումը։ Մեր աղբյուրները պնդում են, որ վարչապետն իր մտերիմների շրջանում մտահոգություն է հայտնել, որ իշխանությունն իր ձեռքից կարող է գնալ ու Ավինյանն այս իմաստով վտանգավոր է իր իշխանության համար։

Նկատենք նաև, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին մի քանի շաբաթների ընթացքում  մի քանի անգամ անհարմար դրության մեջ է դրել Ավինյանին, ըստ էության դրանք սադրանքներ էին, որը պետք է Ավինյանին բերեր հրաժարականի մտքին։ Նախ, վարչապետի հրահանգով կառավարության շենքից դուրս էին հանել Տիգրան Ավինյանի հրավերով Հայաստան եկած Գեորգի Մուրադյանին, ով որպես կամավոր աշխատում էր պարետատանը։ Հետո Փաշինյանը հրահանգել էր կապարակնքել Ավինյանի աշխատակազմի ղեկավար Վարագ Սիսեռյանի աշխատասենյակի դուռը, քանի որ միջանցիկ քամու պատճառով դուռը աղմուկով փակվել էր։

Հիշեցնենք, որ մեր նախորդ հոդվածում ընդգծել էինք, որ չնայած հրաժարականի հարցը որոշված է, սակայն հստակ չեն ժամկետները։ Իշխանությունները չեն ցանկանում այս ծանր իրավիճակում լարել մթնոլորտը, որը կարող է բերել անցանկալի հետևանքների։

Ըստ էության Տիգրան Ավինյանն այս փուլում որոշել է հրաժարական չտալ։ Նա այսօր Ազգային Ժողովում հերքել է իր հրաժարականի մասին լուրերը։ Բայց փաստ է, որ իշխանության նման հերքումներին լուրջ վերաբերվել պետք չէ։ Հիշեցնենք, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականից վեց օր առաջ, վարչապետի խոսնակը կտրուկ հերքում էր մամուլում հայտնված այդ լուրերը։

Ավինյանը հասկացել է, որ վարչապետի կողմից իրականացված սադրանքների (Վարագ Սիսեռյանի գրասենյակի կապարակնքումը, Գեորգի Ավետիսյանի կոպիտ ձևով վտարումը կառավարության շենքից) նպատակը եղել է իր ինքնակամ հրաժարականը, որպեսզի պարտք պահանջ չմնա։ Փոխվարչապետը հասկացել է, որ այս փուլում հրաժարական տալով, ինքը ֆիասկո կապրի, քանի որ կզրկվի իշխանական բոլոր լծակներից, որոնք էլ իրեն ազդեցիկություն են տալիս։

Մինչ իր հրաժարականը Ավինյանը փորձելու է իրեն ենթակա քաղաքական թիմ ձևավորել։ Ի դեպ լավատեղյակ աղբյուրներն ասում են, որ Ավինյանը դեռևս մեկ տարի առաջ է սկսել ձևավորել իր թիմը՝ կանխազգալով մոտալուտ հրաժարականը։ Թիմ ձևավորելուց հետո Ավինյանը ձեռնամուխ պետք է լինի դրա բնականոն գործունեության համար ապահովել ֆինանսական կայուն հոսքեր, եթե իհարկե ցանկանում է ազդեցիկ քաղաքական թիմ ունենալ։ Քաղաքաական ուժերը չեն կարող լուրջ գործունեություն ծավալել առանց լուրջ ֆինանսական ներդրումների, որն առանց խոշոր սեփականատերերի չի կարող լինել։ 

Փաշինյանի և Ավինյանի միջև կնքված «զինադադարը» ամն կողմ յուրովի է փորձում օգտագործել՝ Ավինյանը պատրաստվում է էֆեկտիվ հեռանալուն, իսկ Փաշինյանը շարունակում է թուլացնել նրա դիրքերը։ Փաշինյանն ի դեպ առավել ակտիվ է գործում՝ երեկ նա աշխատանքից ազատեց Ավինյանի մտերիմը համարվող Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին։