Հանրայինից բացի մյուս հեռուստաընկերություններ...

Երեկ «Մեդիա Պաշտպան» կազմակերպության կողմից անցկացվեց մեդիամրցանակաբաշխություն։ Մրցանակաբաշխության ընթացքում կազմակերպության հիմնադիր Աղասի Ենոքյանը ասաց, որ որոշ լրագրողական կազմակերպություններ նախաձեռնել են մի օրենսդրական նախագիծ, որով եթերում կարող է մնալ միայն Հանրային հեռուստաընկերությունը։  Խնդրի կապակցությամբ Politik.am-ը որոշակի պարզաբանումներ ստացավ Աղասի Ենոքյանից։

-Պարոն Ենոքյան կխնդրեմ մանրամասնեք, թե ինչպե՞ս կարող է եթերում մնալ միայն Հանրային հեռուստաընկերությունը և ի՞նչ է լինելու մյուս հեռուստաընկերությունների ճակատագիրը։

Իրականության մեջ օրինագիծը բավական բարդ օրինագիծ է և մենք էլ դիմել ենք իրավաբանների օգնությանը, որպեսզի հասկանանք, թե ինչ կա դրա տակ թաքնված։ Դուք գիտեք, որ թվայնացման պրոցես է գնում։ Հայաստանում մի մուլտիպլեքսոր կա, որը հանրայինն է և որի վրա եթեր են դուրս գալիս նաև մյուս հեռուստաընկերությունները։ Նախագիծն առաջարկում է, որ հանրային մուլտիպլեքսորի վրա պետք է մնա միայն հանրայինը, իսկ մասնավոր հեռուստաընկերությունները պետք է եթեր դուրս գան մասնավոր մուլտիպլեքսորների օգնությամբ։ Հանրային հեռուստաընկերությունը մնալու է հինգ ալիքի տեսքով։ Մասնավոր մուլտիպլեքսոր սարքելը, ըստ մասնագետների կարող է արժենալ մի քանի տասնյակ միլիոն դոլար և ոչ այնքան շահավատ բիզնես է։ Շատ դժվար է ենթադրել, որ որևէ մասնավոր կազմակերպություն կկարողանա նման մուլտիպլեքսոր կառուցել։ Եթե անգամ ստեղծի, ապա դժվար թե տա բոլոր մասնավոր հեռուստաընկերություններին։ Եվ կարող է ստացվել այնպես, որ այս պահին գոյություն ունեցող ալիքները կարող են թռնել եթերից։

-Իսկ ո՞րն է նախագծի հիմնավորումը։ Ի՞նչն է ստիպել հեղինակներին նման նախագիծ առաջ քաշել։

Շատ բարդ է հիմնավորում գտնել, քանի որ այս հարցով չկա հանրային պահանջ եղած իրավիճակը փոխելու։ Հիմնավորումները շատ թույլ են։ Հիմնական հիմանվորումն այն է, որ 2020 թվականին նոր մրցույթ պետք է լինի հեռուստաալիքների և դրա համար նոր նախագիծ են մշակում։

-Մուլտիպլեքսորի բացակայության դեպքում ինչպե՞ս կարող են սփռվել մասնավոր հեռուստաընկերությունները։

Կարող են սփռվել կաբելով, կարող են սփռվել արբանյակով։ Նրանց հասանելիությունը կտրուկ կնվազի, քանի որ ըստ ուսումնասիրությունների մարդկանց 65-70 տոկոսը եթերով է հետևում հեռուստատեսություններին, այսինքն մուլտիպլեքսորի դերը ակնհայտ մեծ է։