Հանրաքվեն կարող է լուրջ վերաբերմունքի ցուցիչ...

Նախօրեին ՀՀ նախագահը Արմեն Սարգսյանը ստորագրեց ՍԴ հարցով հանրաքվե անցկացնելու մասնին որոշումը։ Հանրաքվեի օր նշանակվեց ապրիլի հինգը։ Այս լուրի տարածումն էլ ավելի խորացրեցին մտահոգությունները կապված երկրի ապագայի հետ։ Ըստ ամենայնի նախագահ Սարգսյանը մերժեց ավելի քան հարյուր իրավաբանի կողմից ստորագրված հորդորը, եւ որոշեց իրեն կապել գործող իշխանության անօրինականությունների հետ։

Իհարկե դավադրության տեսության ժանրից է այն, որ քաղաքացիության հարցի հնարավոր շահարկման եւ գուցե եւ դրան հետեւելիք հնարավոր պաշտոնանկության սցենարային տհաճ զարգացումներից խուսափելու համար է Արմեն Սարգսյանը գնացել այդ քայլին։ Նախ, եթե նման հարց առաջ գար էլ, ուրեմն պարզ հարց կար, իսկ ինչու 2018-ի ապրիլ-մայիս ամիսներին Արմեն Սարգսյանի քաղաքացիության հարցը խնդիր չէր, իսկ հիմա խնդիր է։

Եթե ավելի ուշադիր լինենք, ապա «Շանթին» եւ «Մեդիամաքսին» տված հարցազրույցի առաջին մասում նա պարզորոշ հասկացնում է, որ մտադիր չէ ուղիղ առճակատման գնալու կառավարության հետ եւ ստորագրելու է որոշումը, քանի որ համարում է, որ «պլեբիսիտի» գործիքակազմին դիմելը ծայրահեղ քայլ չէ եւ ավելին, կօգնի որպեսի իրական եւ վիրտուալ կյանքի երեսները հաճախ իրար խառնած իրավիճակում ամեն բան պարզաջրվի։

Թե ում նկատի ուներ հարցազրույցում Արմեն Սարգսյանը, երբ խոսում էր իրական եւ սոցցանցային կյանքերի մասին, որոնք կարող են հաճախ շփոթ առաջացնել, կարծես թե հասկանալի է։ Նախագահի թիմակիցները ամեն կերպ փորձում են ապացուցել, որ ստորագրել-չստորագրելը մեծ հարց չի փոխում եւ չի կարող որոշման ստորագրումը լինել նախագահի՝ հանրաքվե անցկացնելու որոշման հանդեպ վերաբերմունքի արտահայտություն։

Անկախ ամեն ինչից, կարելի է հստակ արձանագրել, որ չափազանց վտանգավոր մի փուլ ժողովուրդը թեւակոխում է ըստ էության սեփական ուսերին առած բեռը ծանրացած։ Իշխանությունը մեղմ ասած՝ շատ լուրջ պետական հանցագործությունը «գցում է ժողովրդի գրպանը», հասկանալով, որ վերջին հաշվով ոչ մի միջազգային կառույց էլ մի ամբողջ ժողովրդի չի դատի։

Փաշինյանը նույնիսկ այս հարցում հավատարիմ մնաց ինքն իրեն եւ շարունակաբար թաքնվում է «ժողովուրդ» հասկացության տակ։ Այլ է հարցը, որ այս հանրաքվեի մասնակցությամբ, օրինակ, կարելի է հստակ վերաբերմունք արտահայտել իշխանության հանդեպ։ Ի վերջո պասիվ պայքարի ձեւերից է նաեւ բոյկոտումը, ու եթե բոյկոտումը ստացվի, ապա արդեն առհասարակ գործող իշխանությունների վստահության քվեի հարցը կարող է ասպարեզ իջնել։