Հանցագործություն կոծկելու հերթական փորձը

27.11.29_02016 թ. մարտի 16-ին Հելսինկյան Քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչություն է դիմել Երևան քաղաքի բնակիչ Գ. Միքայելյանը, որը հայտնել է, որ իր կնոջ՝ Ռ. Ավագյանի համար դեղամիջոց պատրաստելու նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերել ՀՀ ՊՆ N զորամասի աշխատակցուհի Ի. Սարգսյանի հետ՝ 4000 ԱՄՆ դոլարի դիմաց 1 տոննա թորած նավթ ձեռք բերելու վերաբերյալ: Վերջինս, սակայն, չի փոխանցել թորած նավթը: Դեպքի առթիվ ներկայացված հանցագործության մասին հաղորդման հիման վրա ՀՀ Քննչական կոմիտեի ԶՔԳՎ 4-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: 2014 թ. նոյեմբերին Գ. Միքայելյանը և Ռ. Ավագյանը, հրավիրվելով քննչական բաժին, չնայած քննիչ Ա. Ասատրյանի ահաբեկումներին՝ հանցագործության մասին հաղորդում ներկայացրած անձանց համար ևս հնարավոր բացասական հետևանքների մասին, իրենց բացատրություններով ներկայացրել են ողջ եղելությունը: Քննիչի այս և այլ անօրինական գործողությունների հիմքով Ռ. Ավագյանը բացարկ է ներկայացրել նրան, և գործը փոխանցվել է  քննիչ Բ. Հարությունյանին: Ըստ քաղաքացու դիմումի՝ քննիչ Բ. Հարությունյանը նախ հրաժարվել է քննել գործը, ապա վերջինս և նրա պետը փորձել են սպառնալիքների միջոցով ստիպել Գ. Միքայելյանին «գրել իրենց ուզածով»: Քաղաքացու հայտնած տեղեկությունների համաձայն նմանօրինակ գործողություններն ու սպառնալիքները շարունակվել են նաև հետագայում: 2015 թ. մայիսին, Գ. Միքայելյանի դիմումի համաձայն, իրենց «թաղայինը» փորձել է խաբեությամբ նրան զինվորական քննչական բաժին տեղափոխել, ինչի մասին իմանալուց հետո Գ. Միքայելյանը իրեն դուրս է նետել մեքենայից: Գ. Միքայելյանը հայտնել է նաև, որ խնդիրը նախ փորձել է լուծել 4-րդ կայազորային բաժանմունքի պետ Վ. Աղասյանի միջոցով, որին նախապես ճանաչել է, սակայն վերջինս առաջարկել է դիմել զորամասի հրամանատար Ս. Սիանոսյանին, որը ևս չի օգնել Գ. Միքայելյանին: Վերը նշված ապօրինությունների վերաբերյալ Գ. Միքայելյանը դիմում է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազություն և ՀՀ Քննչական կոմիտե, ինչի արդյունքում գործի վարույթը փոխանցվել է նախ քննիչ Թաթոյանին, ապա՝ քննիչ Ս. Սարգսյանին: Վերջինս բազմիցս փորձել է սպառնալիքների միջոցով ստիպել, որ Գ. Միքայելյանը վերցնի Ի. Սարգսյանի կողմից փոխանցված 2000 ԱՄՆ դոլարը, որովհետև «միևնույնն է՝ գործը կարճելու է»: Գ. Միքայելյանը հրաժարվել է ընդունել քննիչի առաջարկը, ինչից հետո 2016 թ. մարտի 5-ին ստացել է քրեական գործը կարճելու մասին որոշում: Հիմք ընդունելով քաղաքացու դիմումը՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2016 թ. մարտի 22-ին գրությամբ դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանին՝ Գ. Միքայելյանի կողմից ներկայացված փաստերի շուրջ համապատասխան քննություն իրականացնելու, ենթադրյալ հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու դեպքում՝ քրեական գործ հարուցելու և Գ. Միքայելյանի խախտված իրավունքները վերականգնելու հարցով: Մինչ օրս ներկայացված գրության վերաբերյալ որևէ գրավոր պատասխան չի ստացվել: Կազմակերպության աշխատակցի զանգերին ի պատասխան՝ ՀՀ Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ գործն ուղարկվել է ՀՀ Զինվորական դատախազություն, որտեղից էլ տեղեկացանք, որ գործը գտնվում է Զինվորական քննչական գլխավոր վարչությունում:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Դիտվել է 271 անգամ
 


Այս թեմայով