Համոյե Շարո՝ եզդի ցեղապետ, որ ապաստան է տվել...

Ինչպես հայտնի է, Հայաստանը ճանաչեց Եզդի ժողովրդի նկատմամբ 2014 թվականին Իրաքում ԻՊ ահաբեկչական խմբավորման կողմից իրականացված Ցեղասպանությունը: Սա ինչ խոսք մարդասիրական մեծագույն քայլ էր, որ կատարվեց հօգուտ Եզդի ժողովրդի ապրած ողբերգության մի այնպիսի ժողովրդի կողմից, ինչպիսին Հայ ժողովուրդն է, որ նույնպես ճաշակել է ցեղասպանության դառնությունները ցմրուր: Սակայն պարզվում է, որ այն ինչ այսօր արել է պաշտոնական Երեւանը, ըստ ամենայնի իր նախադեպն է ունեցել հեռավոր 1915- 16 թթ-ին: Այսպես Միլանում ՀՀ պատվո հյուպատոս Պյետրո Քուչուկյանի Guerini е Associati գրքում ներկայացվում է մի դրվագ, թե ինչպես 1915- 16 թթ-ին, Սինջարի լեռներում Համոյե Շարո եզդի ցեղապետը պաշտպանել է արաբական արեւակեզ անապատներ քշված հայ բնակչությանը եւ հազարավորների ազատել մահվան ճիրաններից:

Ինչպես գրում է պատվո հյուպատոս Պյետրո Քուչուկյանը gariwo.net-ում, «ХХ դարասկզբին Սինջարը պատկանում էր Մոսուլի կազիին, եւ միակ վայրն էր բովանդակ Օսմանյան կայսրությունում, որտեղ հայերին դիմավորում էին մարդավայել եւ պաշտպանում: Լեռնային այս շրջանում մեկուսացված Միջագետքի մյուս շրջաններից, այդ օրերին ապրում էին այդ ժամանակ ավելի քան քսան հազար լեռնականներ, որոնց կեսից ավելին եզդիներ էին: Իվ Թերնոնը ուսումնասիրել է Սինջարի եւ Մարդինի հայերի պատմությունը բացահայտելով եւ աշխարհին ներկայացնելով Համոյե Շարոյի կերպարը, ով լինելով Սինջարի տեր ու տիրականը, հազարավոր քրիստոնյաների է ապաստան տվել Հայոց Ցեղասպանության օրերին, որոնց մեծ մասը` հայերի: Նշվում է, որ Համոյե Շարոն փախստական հայերին օթեւան, սնունդ եւ ապրելու միջոցներ է տվել: Նրա մոտ են ապաստանել նաեւ թուրքական բանակը լքած հայ զինվորականները: Գաղթականների հոսքը Սինջար երբեք չի դադարել: Հայերը Թերնոնի ուսումնասիրության համաձայն, համարվում էին լավ արհեստավորներ:

Սակայն երբ բռնկվում է տիֆի համաճարակ, շատ քուրդ շեյխեր փորձում են ազատվել փախստականներից այսպես կոչված «հայերի հիվանդության» սարսափից /այդպես էին նրանք անվանում տիֆը/: Համոյե Շարոն առաջարկել է գյուղերի մի մասը հատկացնել փախստականներին, մինչ համաճարակը կանցնի: Երբ ամեն ինչ հաղթահարվում է, հայերը գնում են Թայ արաբական ցեղին պատկանող գյուղերը հատիկեղեն եւ ալյուր գնելու: 1918-ին, երբ օսմանյան զորամասերը փորձում են վերջ տալ ապստամբ այս երկրամասի գոյությանը, հայերը կանգնում են Համոյե Շարոյի կողքին եւ միասնաբար կարողանում պահպանել իրենց ազատությունն ու հողերը: Քլեր Անդրիյոն գրում է, որ ի տարբերություն մնացյալ քրդական ծագման ցեղերի, որոնք համագործակցում էին թուրքերի հետ, եզդիների վերաբերմունքը հայերի նկատմամբ կարելի է համարել բացառիկ: Գրքում նշվում է, որ երբ տեղի թուրք կայմակամը հայտնում է, որ մի շարք հայ փախստականների պետք է իրեն հանձնի, եզդի ցեղապետը կտրուկ մերժում է թուրք կայմանամին: Այդ օրերի վերապրողներից Ռեյչել Յուսուֆյանը, Ռաս ուլ-Այըն հայաբնակ գյուղից, իր հուշերն է պատմել, նշելով, որ ինքը եւ իր երկու զավակները առանձին տուն եւ ապրելու միջոցներ են ստացել ցեղապետ Համոյե Շարոյից: Իվ Թերնոնը Revue d’Historie de la Shoah-ում ներկայացրել է իր ուսումնասիրությունը»:

Ի դեպ նշվում է, որ 1919-ին Սինջարում կային 500 առաքելադավան հայեր, 160հայ կաթոլիկներ, 100 ասորի հակոբիկյան քրիստոնյաներ եւ 100 սիրիացի այլ փախստականներ:


Պյետրո Քուչուկյան

Միլանում ՀՀ պատվո հյուպատոս