Համայնքապետներ ունենք՝ սեզոնին նստում են կոմբ...

Շիրակի մարզի շուրջ 5800 բնակիչ ունեցող Ազատան համայքնի ղեկավար Վարդան Իկիլիկյանի խոսքով՝ Ազատանը տարածաշրջանի ուժեղագույն համայնքներից մեկն է՝ հարուստ բյուջեով, բայց այնտեղ էլ խնդիրները քիչ չեն, դրա համար էլ իրենք դեմ են համայնքների խոշորացման ծրագրին.

«Դրա արդյունքում համայնքների բյուջեներն ընդամենը միավորվում են, ոչ թե ավելանում»,-նշում է նա:

Ըստ Իկիլիկյանի՝ պետք է համայնք առ համայնք ուսումնասիրել բոլոր խնդիրներն ու տիրապետել դրանց, հետո նոր հասկանալ՝ ինչ անել դրանց համար, բայց այժմ համայնքներին թողել են իրենց հոգսերի հետ:

Համայնքապետը խնդիր է համարում, որ իրենց մոտ, օրինակ, խնդիր կա սեփականաշնորհված հողատարածքների, ինչի արդյունքում դժվարանում է գյուղատնտեսությամբ զբաղվելու հարցը, և ավելանում է արտագաղթը: «Ի տարբերություն փոքր բնակավայրերի՝ մեծ բնակավայրերում  սեփական հողատարածքների խնդիր կա: Որքան շատ են համայնքի բնակիչները, այնքան քիչ է նրանցից յուրաքանչյուրին տրվող հողաբաժինը: Մինչդեռ փոքր համայնքերում հակառակն է՝ բնակիչները քիչ են, նրանց հատկացված հողաբաժինները՝ շատ»:

Ըստ Վարդան Իկիլիկյանի՝ խնդիր է նաև, որ նույն բնակչությունն ունեցող համայնքներին պետությունը տրամադրում է համաչափ դոտացիաներ՝ առանց հաշվի առնելու, թե դրանցից որն ինչ ենթակառուցվածքներ ունի՝ արվեստի դպրոց, մշակույթի տուն և այլն: Ազատանում, օրինակ, վերջին տարիներին մանկապարտեզ է բացվել, մշակույթի տուն՝ 3 խմբակով, ֆուտբոլի դպրոց, բայց դրան համարժեք՝ դոտացիաները չեն բարձրացել:

Գյուղացիներն անասնապահությամբ են զբաղվում, բայց դա էլ եկամտաբեր չէ: «Կաթն, օրինակ, մատչելի են վաճառում, մինչդեռ մթերող ընկերություններն ընդամենը պաստերիզացնում ու փաթեթավորում են, բայց գրեթե եռակի անգամ թանկ են վաճառում, արդյունքում գերշահույթներ են ստանում»,-ասում է համայնքի ղեկավարը:

Այս բոլոր խնդիրների հետ մեկտեղ՝ Իկիլիկյանի խոսքով, ծույլ են նաև համայնքապետները.«Չեն կարդում, տարրական բաները չգիտեն: Գյուղացիներն էլ պահանջատեր չեն՝ կարող ենք օրերով աշխատանքի չգալ, չեն հետաքրքրվի: Համայնքի ղեկավարներ ունենք՝ սեզոնին նստում են կոմբայնն ու այլ համայնքներում գնում հնձի: Սա՞ է մեր տեղական ինքնակառավարումը: Դրա համար ասում ենք՝ որ մարդը գալիս, ուզում է համայնքի ղեկավար դառնալ, կրթական ցենզ դրեք»,-իր մտահոգությունն ու առաջարկն է հայտնում Վարդան Իկիլիկյանը:

Հոդվածը պատրաստվել է Հայաստանում միգրացիոն քաղաքականության միջազգային կենտրոնի գրասենյակի կազմակերպած մեդիատուրի շրջանակներում:

Մարիամ Սարգսյան