Համանախագահները ավարտեցին այցը Հվ․ Կովկաս․ Բա...

 Հարավային Կովկասում ռեգիոնալ հերթական այցով գտնվող ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։ Այս հանդիպմանը զուգահետ, Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հարցազրույց է տվել «Իզվեստիա» պարբերականին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված վերջին զարգացումները։ Առաջիկայում, ըստ ընդունված պրակտիկայի, սպասելի է, որ համանախագահները հայտարարություն տարածեն կապված Հարավային Կովկաս իրենց այցի ու Երեւանում, Բաքվում եւ Ստեփանակերտում ունեցած հանդիպումների հետ։ Հասկանալի է, որ Մամեդյարովն այս դեպքում լիովին արտահայտել է Ալիեւի կարծիքը եւ սա նկատի ունենալով, կարող ենք ասել, որ սկսած Նյու-Յորքյան հանդիպումից, Բաքվի մոտ առկա է որոշակի հիասթափություն։

Հետաքրքրական է, որ հաճախակի հնչող ռազմատենչ հայտարարությունների ֆոնին, Բաքվում բավական մեղմ ձեւակերպումներ են սկսել օգտագործել, ասելու համար, որ իրենք ուզում են առաջ շարժվել, հասնել քաղաքական կարգավորման «սուբստանտիվ» բանակցությունների միջոցով։

Մամեդյարովի խոսքից պարզ է դառնում, որ Աշխաբադում էլ էական արդյունքներ այս մասով, գոնե պաշտոնական խոսակցությունների ժամանակ, չեն գրանցվել։ Բաքվի դժգոհությունը կարող է պայմանավորված լինել կամ Երեւանի, կամ էլ համանախագահների դիրքորոշումների կոշտացման հետ։

Ըստ ամենայնի, որոշակիորեն փոփոխվել է համանախագահների մոտեցումները կամ չափորոշիչները, մի բան, որ նույնիսկ Մամեդյարովն է խոստովանում, ասելով, որ այն բանից հետո, երբ ինքն ասել է, որ պետք է սկսել «սուբստանտիվ» բանակցություններ, համանախագահները հարցադրում են արել, ասելով, որ շփման գծում ռազմական գործողություններ են, այսինքն թե՝ թեժ վիճակ կա, որը ինքնին արդեն խանգարող հանգամանք է նման կարգի բանակցությունների համար։ Մամեդյարովի հետագա խոսքից կարելի է հասկանալ, որ համանախագահների համար սուբստանտիվ բանակցություններ սկսելու հիմքը բացարձակ չլարվածությունն է։

Պատահական չէ, որ խոսելով բանակցային գործընթացի պատմության որոշակի հանգրվանների մասին, նա չի մոռացել հիշատակել, որ ամեն դեպքում լարում եղել է միշտ։ Ուշագրավ է նաեւ եւս մեկ հանգամանք։ Մամեդյարովը նշում է, որ պետք է նստել ու բանակցել սեղանին եղած փաստաթղթի շուրջ։ Ամենայն հավանականությամբ խոսքը Մադրիդյան սկզբունքների հիման վրա ձեւակերպված աշխատանքային փաստաթղթի մասին է, որը մշակվում է այսքան տարի, սակայն հաշվի առնելով, որ բանակցային գործընթացում խորհրդապահությունը արդեն անհարկի բարձր մակարդակի է, չի բացառվում, որ խոսքը այլ փաստաթղթի մասին էլ լինի, որի մասին դեռ չի բարձրաձայնվում։