Հակոբ Արշակյանն աշխատանքային այց է կատարել Ար...

Հակոբ Արշակյանն աշխատանքային այց է կատարել Արցախի Հանրապետություն

ՀՀ բարձր տեխնոարդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի գլխավորած
պատվիրակությունը աշխատանքային այց է կատարել Արցախի Հանրապետություն: Այցի
շրջանակներում նախարարը հանդիպել է ԱՀ նախագահ Բակո Սահակյանին, ԱՀ պետական
նախարար Գրիգորի Մարտիրոսյանին, ԱՀ էկոնոմիկայի և արտադրական
ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանին, ԱՀ անվտանգության խորհրդի
քարտուղար Արշավիր Ղարամյանին, այցելել Արցախում գործող մի շարք
ձեռնարկություններ:

ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում
գիտատար ոլորտների զարգացմանը և այս համատեքստում հայկական երկու
պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր, Արցախի և
Հայաստանի զինված ուժերի, ռազմարդյունաբերական համալիրի կոորդինացված
մոտեցման մշակման հնարավորություններ:

Հակոբ Արշակյանը հանդիպել է նաև ԱՀ պետական նախարար Գրիգորի
Մարտիրոսյանին: Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՀ էկոնոմիկայի և արտադրական
ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը: Քննարկվել են մի շարք
ոլորտներում համագործակցությունն ամրապնդելու, ՀՀ բարձր տեխնոլոգիական
ոլորտի զարգացման հաջողված փորձը տեղայնացնելու, Արցախի երիտասարդների
մտավոր ներուժը լիարժեք օգտագործելու և այդ ուղղությամբ գործնական քայլերի
իրականացմանը վերաբերող հարցեր:

Կողմերը կարևորել են նման ձևաչափով հանդիպումներն ու ոլորտային
մասնագետների փոխայցելությունները, ինչը հնարավորություն կտա ապահովելու
տեխնոլոգիական, ինժեներական կրթության, ռազմարդյունաբերության ոլորտներում
և ձեռներեցության զարգացմանն ուղղված ծրագրերում Արցախի երիտասարդների
ներկայացվածությունը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ոլորտային փոխգործակցությունը նոր
հարթություն տեղափոխելու ուղղությամբ՝ որպես առաջին քայլ նշելով խնդիրները
գույքագրելու անհրաժեշտությունը: Անդրադարձ է կատարվել նաև կապի
հասանելիության և փոստային ծառայությունների ոլորտի զարգացման ծրագրերին:

Աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԲՏԱ նախարարն այցելել է նաև Արցախում
գործող մի շարք ձեռնարկություններ, Արցախի տեղեկատվական տեխնոլոգիաների
կենտրոն հիմնադրամ, ծանոթացել կենտրոնի սարքավորումների հագեցվածությանը,
զրուցել աշխատակիցների հետ: Քննարկվել են ՏՏ ոլորտի մի շարք խնդիրներ,
բիզնես ինկուբացիոն ծառայություններին և տեխնոլոգիական ձեռներեցության
խթանմանը վերաբերող հարցեր:

ՀՀ բարձր տեխնոարդյունաբերության նախարարություն