Գույքահարկի հարկման նոր չափորոշիչներ են սահմա...

Հայաստանի կառավարությունը խորհրդարանին է ներկայացրել անշարժ գույքի գնահատման կարգը սահմանելու մասին նախագիծ, որով պատրաստվում է գույքի իրական արժեքը մոտեցնել շուկայականին ու նոր չափոփրշիչների հիման վրա իրականացնել գույքի հարկումը։

«Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ խորհրդարանին ներկայացնելիս Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանն ասաց.

«Նպատակ ունենք պարզեցնել հարկման ընթացակարգերը. երկու տարբեր կոմպոնենտր՝ հող և գույք, պատրաստվում ենք միացնել և որպես մեկ ամբողջական անշարժ գույքի մասով հարկում իրականացնել։ Ինչպես նաև փորձելու ենք շուկայականին մոտարկված ձևով ունենալ կադաստրային գնահատման համակարգ, որը կարող է օգտագործվել անշարժ գույքի ոլորտում հարկման ու օտարման դեպքերում»։

Պետրոսյանի խոսքով՝ նախագծի ընդունման ու իրագործման արդյունքում կներդրվի միասնական ու մրցունակ գնահատման համակարգ։

«Կվերացվի այսօր գոյություն ունեցող կադաստրային արժեքի ու իրական կյանքում եղած հսկայական ու անընդունելի տարբերությունը։ Պետական ու համայնքային հողերը կօտարվեն ու վարձակալության կտրվեն շուկայականին մոտարկված տրամաբանությամբ։ Կդյուրինացվի հարկային վարչարարությունը», - ասաց Պետրոսյանը։