Գուցե կարիք լինի վերադառնալ կիսնախագահական հա...

Օրերս հայտնի դարձավ, որ վարչապետի որոշմամբ սկսվել է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ստեղծման գործընթացը: Հանձնաժողովը կազմված կլինի 15 հիմնական անդամից, ի պաշտոնե ընդգրկվելու են արդարադատության նախարարը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչը, օմբուդսմենը, նաև դատավորների ընդհանուր ժողովը 1 թեկնածու պետք է ներկայացնի, կազմում կլինեն 6 իրավաբան գիտնականներ, հասարակական կազմակերպությունների 2 ներկայացուցիչներ, մեկական ներկայացուցիչ էլ՝ խորհրդարանական յուրաքանչյուր խմբակցությունից: Հանձնաժողովի կազմում որպես լրացուցիչ անդամ՝ խորհրդակցական ձայնի իրավունքով, արդարադատության նախարարի ներկայացմամբ կարող են աշխատել նաև միջազգային երկու փորձագետներ:

Մեր տեղեկություններով հասարակական կազմակերպությունների համար նախատեսված երկու տեղերից մեկը պետք է զբաղեցնի «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը։ Նա այս հանձնաժողում շատ է պետք իշխանություններին։ Տեղեկատվությունը ճշտելու և նախատեսվող փոփոխությունների մասին կարծիք ստանալու նպատակով կապ հաստատեցինք Դանիել Իոաննիսյանի հետ։

Իոաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հանձնաժողովում հասարակական կազմակերպությունների համար նախատեսված տեղեր կան և կազմակերպությունները կարող են դիմել և մասնակից դառնալ այդ գործընթացին․ «Իրականում բարեփոխումների հանձնաժողովին անդամակցության առաջարկը բաց է և որոշակի պայմանների համապատսխանող բոլոր կազմակերպությունները կարող են մանսակցել դրա աշխատանքներին։ «Իրազեկ քաղաքացիների կազմակերպությունը» և մասնավորապես ես համապատասխանում ենք սահմանաված չափանիշներին ու հաշվի առնելով իմ փորձը, որը կուտակվել է 2018 թվականին Ընտրական օրենսգրքի բարեփոխումների գործընթացին մասնակցելիս, ապա այո մենք քննարկում ենք տարբերակ հայտ ներկայացնելու մասնակցելու համար հանձնաժողովի աշխատանքներին»,-ասաց Իոաննիսյանը։

Դանիել Իոաննիսյանից հետաքրքվեցինք, թե ինչպես է գնահատում պետության կառավարման գործող խորհրդարանական համակարգը, արդյո՞ք այն բավական արդյունավետ է և լուծում է իր առաջ դրած խնդիրները․ «Մեր կազմակերպության կողմից պատվիրված հարցման արդյունքում պարզվել է, որ կուսակցություններին վստահում է հարցվողների 1,9 տոկոսը, իսկ մասամբ վստահում է 40 տոկոսը։ Ավելի մանրամասն տվյալներ մենք կհրապարակենք։ Այս պայմաններում կառավարման խորհրդարանական համակարգը չի կարողանա երկարատև ժողովրդավարություն ապահովել։  Այս դեպքում, կամ պետք է իրապես ուժեղացվի կուսակցական համակարգը, կամ պետք է վերանայվի կառավարման խորհրդարանական համակարգը  և միգուցե նորից վերադառնանք կիսանախագահական համակարգին։ Սա իհարկե ցանկալի սցենար չէ, բայց եթե կուսակցությունների կայացած ինսիտուտ չենք ստեղծում , ապա խորհրդարանական համակարգը չի կայանա»,-ասաց մեր զրուցակիցը՝ ավելացնելով, որ անգամ ամենացանկալի սցենարի դեպքում էլ, եթե ստացվի կայացնել կուսակցական համակարգը, ապա գործող համակարգն էլ որոշակի, փոփոխությունների կարիք է զգում։