Հանրապետական կուսակցությունը 10 տարի նախապատր...

Politik.am-ի զրուցակիցը «Մեկ առողջություն» կոալիցիայի ղեկավար, Սննդի անվտանգության պետական ծառայության նակխին պետ Գրիգոր Գրիգորյանն է: Զրույցի թեման Հայաստանում առկա կենսաբանական անվտանգությունն ու ներկա իշխանությունների՝՝ ոլորտում գործելակերպն են:

Ասում է՝ Հայաստանում չեն հետաքրքրվում կենսաբանական անվտանգությամբ, որովհետև իշխանության են մարդիկ, որվքեր չունեն հայրենիք, ամեն պահի կարող են լքել.«Մեզ մոտ կենսաբանական անվտանգության պաշտպանություն գոյություն չունի: Խնդիրը սկսել է ուժգնանալ 2008 թվականից սկսված, երբ իշխանության եկավ Սերժ Սարգսյանը: Մինչ այդ մի կարմիր գիծ կար, որը չէին հատում»: 

ՍԱՊԾ նախկին պետն առաջարկում է դադարեցնել Ադրբեջանից ու Պակիստանից սննդի ներկրումը, Թուրքիայից՝ ևս, սակայն կամաց-կամաց. «Միանգամից դադարեցնելու դեպքում գուցե խնդիր ունենանք: Պակիստանը մեզ նույնիսկ որպես պետություն չի ճանաչում, Ադրբեջանի հետ էլ ռազմական գործողություններ են, նորմալ է դադարեցումը: Այն մարդիկ, որ կանգնում ասում են՝ առևտուրը հայրենիք չունի, հայրենիք չունեցող մարդիկ են»:

Ըստ Գրիգորյանի՝ Ազգային կենսաբանական անվտանգության համակարգ է պետք ստեղծել: Մեր հարցին, թե այդ դեպքում ինչպե՞ս լուծել մատչելի սննդի հարցը, չէ՞ որ ներկրված սնունդը ավելի մատչելի է, Գրիգորյանը պատասխանում է.«Ադրբեջանից ու Պակիստանից ներկրվող սննդի ծավալները քիչ են: Մեր գյուղացիները շատ որակով ապրանք են արտադրում: Պետք է մոնիտորինգ անել, ուսումնասիրել՝ մեր երկրում մեր գյուղացիները ի՞նչ կարող են արտադրել: Դրա համար գոյություն ունի գյուղատնտեսական քաղաքականություն»:

Հարցին, թե ինչպես է պատկերացնում սննդի ներկրման դադարեցումը երկու երկրիներին (Հայաստան, Ադրբեջան) խաղաղության  նախապատրաստելու ֆոնին, Գրիգորյանը պատասխանում է.«Խաղաղություն չկա: Հայերը երբեք պատերազմ չեն հրահրել, որ խաղաղության նախապատրաստվեն: Իմ սուբյեկտիվ կարծիքով, խաղաղությունը որոգայթ է, որով փորձում են պատերազմից առաջ թուլացնել ժողովրդի զգոնությունը»:

Գրիգորյանի կարծիքով՝ Հայաստանի և՛ օրենսդիր, և՛ գործադիր մարմիննները օկուպացված են. գործադիրն՝ ամբողջությամբ, օրենսդիրը՝ 80 %-ով.«Իշխանափոխություն, իմ սուբյեկտիվ կարծիքով, չի եղել: Հանրապետական կուսակցությունը 10 տարի նախապատրաստեց այս իշխանության գալուստը և ճանապարհ հարթեց: Ասում են՝ վարչապետի պաշտոնը «կարված էր» Սերժ Սարգսյանի համր: Չկա նման բան: Աթոռը հենց Նիկոլ Փաշինյանի համար էր «կարված»: Սրա մասին շատերը չգիտեն, շատերն էլ գիտեն, բայց լռում են, որովհետև խոսելը ձեռնտու չէ: Ասում են՝ իշխանություն պահելու խնդիր չունեն: Չկա նման բան:  Ասում են՝ լեգիտիմ են: 1991թ.-ին էլ Լևոն Տեր-Պետրոսյանն էր լեգիտիմ, բայց հետո՝... Երբ քեզ բոլորը հավատում են, դու կեղծելու կարիք չունես»: 

Ըստ Գրիգորյանի՝ ոմանք իրեն մեղադրում են, թե այս ամենը բարձրաձայնում է, քանի որ նախորդ տարի չի ընտրվել ՍԱՊԾ պետի պաշտոնում.«Ես հայտարարում եմ, որ Աստծուց գոհ եմ, որ չընտրվեցի այդ պաշտոնում: Ես այս կառավարության հետ աշխատել չէի կարողանա: Ինչպես աշխատել մարդկանց հետ, որոնք նպատակաուղղված փորձում են ոչնչացնել իմ երկիրը: Տեղի է ունենում ամենաբարձր մակարդակով դավադրություն՝ մեր ու մեր պետության նկատմամբ»: