Գրանտով «հայրենասեր» աշխատողներն ամեն ինչ խառ...

Գևորգ Գորգիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հետաքրքիր ժամանակներում ենք ապրում։

Գրանտով «հայրենասեր» աշխատողներն ամեն ինչ խառնել են իրար։ Իրենք էլ չեն հասկանում, թե ինչ են ուզում։
Երբ ասում էինք, որ փոխզսպումների և հակակշիռների մեխանիզմներ են պետք, սուպերվարչապետությունից հրաժարվել է պետք, պետական ինստիտուտները զարգացնել է պետք, մեզ ասում էին՝ «Նիկոլին բան չասեք, թողեք աշխատեն»։
Հետո, երբ պետությունը բախվում է չաշխատող ինստիտուտների ու միահեծան իշխանության հետևանքներին, վերոհիշյալ պարոնայք ու տիկնայք սկսում են աղմկել, բայց ձեռքի հետ մի հատ էլ Լուսավորին են փնովում։
Երբ մենք օրենսդրական նախաձեռնություն էինք առաջարկում, որ հանքերի սեփականատերերը բացահայտվեն, որ հանրությունն իմանա, թե ովքեր են անխնա շահագործում մեր երկրի հարստությունները, կառավարությունն անհայտ պատճառներով մերժեց նախաձեռնությունը։ Ի՞նչ արեցին այդ ժամանակ մեր սիրելի գրանտասերները։ Իհարկե, կրկին լռեցին։

Հիմա, երբ Փաշինյանի կառավարությունը հաստատեց, որ, չնայած արժանահավատ փորձաքննության բացակայությանը, պատրաստվում են շահագործել Ամուլսարը, ու Լուսավոր Հայաստանը, մնալով իր սկզբունքներին հավատարիմ, դեմ արտահայտվեց, այս նույն գրանտասերները վախեցան, որ հանկարծ չեն կարողանա Ամուլսարի թեմաները շահարկելով մի քանի եթեր գնալ և աստղ դառնալ ու կրկին սկսեցին Լուսավորին պախարակել։

Մենք մեծահոգի ենք և մեզ խփելով ավելի մեծ և ուժեղ երևալու փորձերին ներողամտորեն ենք մոտենում, բայց հարգելի գրանտասերներ ջան, մի տեսակ սխալ տեղից եք բռնել»։