«Գողական» ապտակ․ Օսիպյանը կպատժի՞

Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը կարծես չի տիրապետում իրավիճակին։ Համակարգը նրա ենթակայության տակ կորցրել է իր իմաստն ու բովանդակությունը։ Որքան էլ ցավալի է պետք է արձանագրենք, որ կրիմինալն այսօր իրեն ավելի ազատ է զգում և ավելի լպիրշ դրսևորումներով է հանդես գալիս։

Ճշմարտության համար պետք է արձանագրել, որ Օսիպյանն ի տարբերություն նախկին ոստիկանապետերի չի համագործակցում կրիմինալի հետ, բայց ինչպես ցույց են տալիս վերջին իրադարձությունները չի կարողանում նաև զսպել նրանց։

Այսօր լրատվամիջոցներից մեկը հրապարակեց մի տեսանյութ, որը հարված էր ոստիկանության սպայի հեղինակությանը։ Տեսանյութում ոստիկանության բաժամունք բերման ենթարկված, այսպես կոչված, «օրենքով գող» Պզոն և իր թիկնապահն ամենալկտի ձևով վիրավորում են ոստիկանության աշխատակիցներին։ Պզոյի թիկնապահը սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցնում ոստիկանության աշխատակիցների հասցեին, չի ենթարկվում նրանց օրինական հրահանգներին և փորձում է դուրս գալ շենքից, իսկ ոստիկանության աշխատակիցները ոչ մի քայլ չեն ձեռնարկում։

Պզոյի և իր թիկնապահի պահվածքը «գողական» ապտակ էր ոստիկանության ամբողջ համակարգին։ Եվ եթե ոստիկանապետ Օսիպյանը քայլեր չձեռնարկի, ապա շատ արագ ոստիկանությունը կհեղինակազրկվի։ Ոստիկանությունը կընկալվի, որպես ավելորդ մարմին, որը պահվում է պետության հաշվին։ Այն պետք կգա քաղաքական իշխանությանը միայն բողոքի ակցիաներ ցրելու ժամանակ։ 

Հ․Գ․ Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Դիլիջանում մեկ այլ քերական հեղինակության՝ Դոն Պիպոյին բերման ենթարկելուց հետո, ինչ որ քաղաքացիներ ձվեր են նետել տեղի ոստիկանական բաժամունքի շենքի վրա։ Սա ևս մեկ ազդակ է, որ Օսիպյանը ուշացնում է իր գործողությունները։