Գործող իշխանությունները շատ արագ հարմարվեցին...

«Լրատվամիջոցների հանդեպ 90-ից ավելի դատական հայց է ներկայացվել, ինչն սպասելի էր նրանով, որ այն գործողությունները, որ իշխանափոխություն-հեղափոխությունից հետո տեղի ունեցան Հայաստանում, և գործող իշխանությունների, և հատկապես վարչապետի կողմից մամուլի հանդեպ սուր հայտարարություններ հնչեցին, այնուհետև «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կողմից կամ իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչների կողմից հնչեցին մամուլի նկատմամբ կամ առանձին ներկայացուցիչների նկատմամբ հրահանգներ, սև ցուցակ գցել, փակել, պետք է բերեին սրան»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի կարծիք հայտնեց Հայաստանի Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը՝ խոսելով լրատվամիջոցների հանդեպ ճնշումների և դատական հայցերի մաիսն:

Սեյրանյանն ընդգծեց՝ հայաստանյան բոլոր իշխանությունների ժամանակ՝ Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան և Նիկոլ Փաշինյան, մամուլի հանդեպ ճնշումներ են գործադրել.«Մենք տեսել ենք նաև մեդիաների փակման պրոցեսներ, լրագրողների հանդեպ ճնշումներ և այլն: Մենք սպասում էինք, որև երբ մեր գործընկերը եկավ իշխանության, այլ կլինի վերաբերմունքը: Ցավոք, գործող իշխանությունները շատ արագ հարմարվեցին իշխանական կենսակերպին և սկսեցին քայլեր ձեռնարկել մամուլի դեմ՝ լռեցնելով խոսքը»:

Ըստ Ժուռնալիստների միության նախագահի՝ իշխանությունները նպատակային քայլեր են անում, որպեսզի նաև ֆինանսական խնդիրներ առաջացնեն լրատվամիջոցների համար: «Մամուլը շատ լավ վիճակում չէ: Իշխանական մամուլն, ինչպես միշտ, շատ լավ վիճակում է, մնացածը խնդիրներ ունեն, մի կերպ կարողանում են հարթել իրենց խնդիրերը»,-ասաց նա՝ ընդգծելով, որ գովազդատուների խնդիր կա, ինչն էլ կապված է վատ տնտեսական վիճակի հետ: 

Սաթիկ Սեյրանիյանի կարծիքով՝ ազատ խոսքի նկատմամբ ոտնձգություններն ու քայլերը պետք է ահազանգ լինեն ոչ միայն մեդիաների համար, ոչ միայն մամուլի համար.«Մամուլն այն օղակն է, որը հասարակության ձայնը տեղ է հասցնում: Մամուլի դերը պետք է գիտակցեն բոլորը»: