Գորգիսյանը փորձում է մի գործարարին վնասել, իս...

Ազգային ժողովի  «Լուսավոր Հայասատան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի Ազգային ժողովում «Արմոս» ՍՊԸ-ի վերաբերյալ հարցի բարձրացումից հետո դեռևս շարունակվում են քննադատություններ հնչել ՍՊԸ-ի վերաբերյալ։ Պարոն Գորգիսյանը փոխվարչապետ Տիգրան Ավինյանին հնչեցրած հարցում նշում է , որ ընկերությունը չի գրանցում իր «աշխատողներին», ինչպես նաև ՊԵԿ-ին ուղված հարցման պատասխանների արդյունքում ստացվում է , որ «Արմո» գրուպը (ինչպես նշում է պատգամավորը) գրանցված չէ և օրինական գործունեություն չի ծավալում։

Politik.am-ի կողմից կատարած ուսումնասիրությունների արդյունքում պարզվեց , որ ՍՊԸ-ն 2007 թվականից ծավալում է գործունեություն որպես «Արմոս» ՍՊԸ, ինչը պարզ երևում է Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգում  (տես՝ https://www.e-register.am/am/companies/253447 ) ։

Դժվար է պատկերացնել , թե ինչպես կարելի է Ազգային ժողովի նման բարձր ամբիոնից կատարել նման ոչ հավաստի հայտարություններ՝ չհիմնավորելով դրանց բոլոր հիմքերը։  Գորգիսյանն ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի կոմպյուտերային համակարգերի և ինֆորմատիկայի ֆակուլտետը, իսկ 2005 թվականին տեղափոխվել է Սինոփսիս Արմենիա ընկերության ուսումնական դեպարտամենտ, որն էլ ավարտել է 2007 թվականին։ Սրանից պարզ է դառնում , որ «Լուսավոր Հայասատան» խմբակցության պատգամավորը հնարավոր է չիմանար աշխատողի և ծառայություններ մատուցողի (կապալառուի) տարբերությունները, քանզի երկրորդը  երկու գործարար կողմերի միջև իրավահարաբերություններ է, ինչը չի կարելի ասել գործատուի և աշխատողի մասին։ Խնդրո առարկա իրավիճակում գործ ունենք հենց քաղաքացիաիրավական, այլ ոչ թե աշխատանքային իրավահարաբերության հետ։

Սրանք  քաղաքացիական իրավունքի նրբություններ են, որոնց պարոն Գորգիսյանը փաստորեն չի տիրապետում, սակայն ունենալով ժողովրդի վստահությունը և զբաղեցնելով պատգամավորի բարձր կոչումը՝ կարծում ենք, որ պարոն Գորգիսյանը վատ չէր լինի, որ իր հայտարարություններում ավելի զգուշավորություն ցուցաբերեր և մինչ հարցի հանրային հնչեղություն ստանալը մանրամասն ուսումնասիրեր փոխվարչապետին ներկայացվելիք հարցը։ Եթե պարոն Գորգիսյանը պաշտպաներ իրականում աշխատողին, այլ ոչ թե ծառայություններ մատուցողին (կապալառուին), հնարավոր է այս ամենը չգրավեր մեր ուշադրությունը, սակայն  մեզ մոտ այժմ հարց է առաջանում, թե ինչու է պարոն Գորգիսյանը որոշել իր դիրքն ու խմբակցության հեղինակությունը ծառայեցնել մի գործարարին վնասելու և մյուսին՝ հովանավորելու համար։ Բոլոր ամբիոններից մեզ խոստանում են, որ խրախուսվելու է աշխատանքը և չեն լինելու արտոնյալ կարգավիճակներ ունեցող պաշտոնյաների սիրելիներ, մինչդեռ արդեն իսկ երևում են հակառակի նախանշանները։

Չէ՞ որ այս պարագայում «Արմոս»  ՍՊԸ-ի սեփականատերը նույնպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի է և իր ՍՊԸ-ի վերաբերյալ ոչ ճշգրիտ տեղեկատվության տարածումը վնասում է ընկերության բնականոն գործունեության ընթացքը։ ՊԵԿ մարմինների կատարած մի շարք գործողություններից և մանրակրկիտ ուսումնասիրություններից հետո այսօր «Արմոս»  ՍՊԸ-ն շարունակում է հայ սպառողին, ինչու չէ նաև Հայաստան ժամանած զբոսաշրջիկներին ներկայացնել հայկական կաշեգործության յուրահատուկ նմուշները։

Պահպանելով քաղաքացիների միջև հավասարության սկզբունքը՝ հույս ունենք, որ Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնատար անձինք բարձր ամբիոներից կկատարեն ավելի զգուշավոր արտահայտություններ , ինչպես նաև քաղաքացիների կողմից ստացված բողոքներին նրանք կվերաբերվեն որպես անաչառ «արբիտրներ» և կհետազոտեն դրանք լրիվության, օբյեկտիվության և բոլոր կողմերին լսելով առաջնորդվելու սկզբունքով,  որպեսզի կամա թե ակամա չվնասեն պատմություն կերտող հայ արտադրողի տարիների աշխատանքի արդյունքում ստեղծված բարի համբավը։