Global Firepower-ը հրապարակել է երկրների ռազմ...

Միջազգային Global Firepower ընկերությունը հրապարակել է աշխարհի երկրների ռազմական հզորության վարկանշային աղյուսակը (2019 Military Strength Ranking), որում ներառված է 137 երկիր, այդ թվում՝ Հայաստանը:

Ինչպես նշվում է globalfirepower.com կայքում, վարկանիշը կազմելու հարցում մասնագետները հիմնվել են 55 գործոնի վրա, որոնց միջոցով որոշել են երկրների ռազմական հզորության ցուցիչները: Ըստ մասնագետների՝ որքան ցածր է երկրի ցուցիչը, այնքան ավելի մեծ է նրա ռազմական հզորությունը:

Հայտնի է, որ վարկանիշը կազմելիս հաշվի են առնվել երկրների զինանոցների բազմազանությունը (բացառություն են միայն միջուկային զենքերը), ֆինանսական կայունությունը, «առաջին», «երկրորդ», «երրորդ աշխարհի» երկրների դասին պատկանելիությունը, աշխարհագրական գործոնները, լոգիստիկ ճկունությունը, բնական պաշարները, տեղական արդյունաբերությունը, բանակի թվաքանակը, ՆԱՏՕ-ի անդամ լինել-չլինելը:

Հաշվի առնելով այս բոլոր գործոնները՝ Հայաստանը 1,6888 միավորով զբաղեցրել է 96-րդ հորիզոնականը՝ ի տարբերություն նախորդ տարվա ցուցանիշի անկում արձանագրելով:

Ինչ վերաբերում է տարածաշրջանային պետություններին, ապա նրանց շարքում առաջատարը Թուրքիան է, որը 0,2089 միավորով 9-րդ հորիզոնականում է: 14-րդ հորիզոնականում է Իրանը (0,2606 միավոր): Ադրբեջանն առաջընթաց է արձանագրել և 0,7791 միավորով 52-րդ տեղում է: Վրաստանը 1,4098 միավորով 85-րդն է:

Վարկանշային աղյուսակի առաջին տասնյակում են ներառվել ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Ֆրանսիան, Ճապոնիան, Հարավային Կորեան, Միացյալ Թագավորությունը, Թուրքիան, Գերմանիան: Մինչդեռ ստորին հորիզոնականներն են զբաղեցրել Սուրինամը, Լիբերիան, Բութանը: