Video. Գեներալ Մանվելը համարում է, որ Սերժ Սարգսյանը առանց գիտակցելու՞ է խոսել

37-5-1-1Երեկ ՀՀԿ-ական գեներալ Մանվելը ՀՀԿ-ին պատկանող հեռուստաընկերության եթերում անդրադառնալով հողերի հանձնման լուրերին, բառացիորեն հայտարարել է.«Էդ տարածքների մասին խոսալը, բանը սաղ ավելորդ ա: Եսիմ ով իրան, ինչ փիլիսոփայի կամ ինչի տեղ ա դնում էտի ինքը գիտի, թող կանգնի հայելու դեմ խոսա իրա համար: Էս տարածքները զիջելու խնդիր ընդհանրապես չկա: Ոչ մենք կարող ենք զիջել, ոչ էլ նրանք են մեզ զիջում: Մենք ինչը զիջենք` մեր ժողովրդին կենդանի հանձնենք Ադրբեջանին: Էդ խոսացողները առանց գիտակցելու խոսում են…»,-ասել է ՀՀԿ-ական պատգամավորը:

Հետաքրքիր է լսել Մանվել Գրիգորյանի նման կարծիքը այն դեպքում, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը իր  հարցազրույցների ժամանակ վերահաստատում է տարածքներ զիջելու գաղափարը: Սերժ Սարգսյանը ասում է, որ Աղդամը մեր հայրենիքը չէ: Սերժ Սարգսյանը նման հայտարարություն է արել նաև 2001 թվականին ՀՀ ԱԺ-ում, երբ դեռ Պաշտպանության նախարար էր.«Ես 2001-ից չեմ խոսում փոխզիջումների մասին, այլ ընդհանրապես 90-ական թվականներից։ Նաև այն ժամանակ, երբ մեր ջոկատներին համոզում էի, որ անհրաժեշտություն կա վերացնել շատ կրակակետեր։ Դրանց վերացումը կամ անվտանգության գոտու ստեղծումը երբեք նպատակ չի հետապնդել ավելացնել Ղարաբաղի կամ Հայաստանի տարածքը: Չեմ կարող տուրք տալ հասարակության մեջ տարածվող այն կարծիքներին, որ մենք Աղդամն ազատագրել ենք: Պետք չէ դիմացինին անլուրջ մարդու տեղ դնել: Այո, եղել են տարածքներ, որոնք մենք գրավել ենք: Եվ դրանից մենք երբեք չպետք է ամաչենք: Այդ տարածքները գրավել ենք, որպեսզի ապահովենք մեր հայրենիքի անվտանգությունը: Դրա մասին մենք հայտարարել ենք 1992 թ., 94 թ., հայտարարում եմ հիմա: Միգուցե իմ հայտարարությունը դիվանագիտական չէ, բայց սա է: Հարցին չի կարելի միակողմանի մոտենալ և ամեն քայլափոխի ասել, որ մենք ազատագրել ենք, Աղդամը մերն է, Միրբաշիրը մերն է»,-հայտարարել էր Սերժ Սարգսյանը:

Հիմա մնում է հասկանալ գեներալ Մանվելը Սերժ Սարգսյանին ևս համարում է «առանց գիտակցելու խոսող», թե՞ այն ինչ թույլատրված է Սերժ Սարգսյանին ուրիշներին թույլատրված չէ:

 


Այս թեմայով