«Գազպրոմ Արմենիայում» 4-5 տարվա ընթացքում 500...

«Ռուսական կողմի հետ 2019 ի թվականի համար արդեն բանակցել ենք և արդեն կան որոշակի նախնական պայմանավորվածություններ, որ գազի գնի թանկացում չենք ունենալու»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հակտարարեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը: 

Բաղրամյանը նշեց՝ գազի սակագնի ձևավորման մոդելի հարց է քննարկվում, այսինքն՝ որոշակի ժամանակահատվածի համար ֆիքսվում են պարամետրեր, և այդ ժամանակահատվածում ընկերություններն ինչ-որ խնայողություններ է փորձում իրականացնել.«Բնականաբար, նաև ներդրումներ է իրականացնում իր խնայողություններին հասնելու համար: Այդ ժամանակահատվածի ավարտին ունենալու ենք կոնկրետ արդյունքներ: Խոսքը 4-5 տարվա մոդելի մասին է»։

Բաղրամյանի խոսքով՝ արդեն իսկ որոշակի առաջարկներ արվել են, իսկ հիմա սպասում են ռուսական «Գազպրոմ»-ին, որը խումբ պետք է ձևավորի, որի հետ համատեղ քննարկումներ կսկսվեն, այդ թվում՝ հանրային:

Հարցին՝ սահմանին ռուսական գազի 15 տոկոս թանկացումը փոխհատուցվելու է «Գազպրոմ Արմենիայի՞» հաշվին, ՀԾԿՀ պետը ասաց.«Նաև դրա հաշվին է փոխհատուցվելու: Երբ մոդելային քննարկումը կավարտենք, բոլոր հաշվարկները, մոտեցումները կդնենք հանրային քննարկման, նոր կոնկրետ որոշումներ կկայացնենք։ Բայց կոնկրետ ժամկետներ չեմ կարող ասել, քանի որ չգիտեմ, թե խումբը երբ կժամանի»:

Բաղրամյանը նկատեց՝ աշխատակիցների օպտիմալացման խնդիր կա, իսկ աշխատակիցների աշխատավարձերը սակագնի վրա ազդում են՝ հաշվարկվում են սակագնում։ Ըստ Գարեգին Բաղրամյանի՝ թեև կոնկրետ չգիտի, թե այս պահին «Գազպրոմ Արմենիայի» ինչքան աշխատակից է կրճատվել, բայց ակնկալվում է, որ առաջիկա 4-5 տարվա ընթացքում 500-1000 աշխատակից կկրճատվի։