«Գազպրոմ Արմենիա»-ն բաժանորդի դժգոհությունը ա...

Երեկ Politik.am կայքում հրապարակել էինք գազի բաժանորդ Վանիկ Ալեքսանյանի դժգոհությունը «Գազպրոմ Արմենիա»-ից, որից հետո բաժանորդի խնդիրը լուծվել էր: «Գազպրոմ Արմենիան» Politik.am-ին է ուղարկել պարզաբանում, ըստ որի՝ բաժանորդ Վ.Ալեքսանյանի դժգոհությունը «Գազպրոմ Արմենիա»-ից անհիմն է, և ընկերությունը բացառապես գործել է սահմանված կարգով: 

Պարզաբանումը՝ ստորև.

«Politik.am կայքում ս.թ. մարտի 28-ին հրապարակված «Իմ հաշվին ցանկանում են հարստացնել մոնոպոլ ներկրողին. քաղաքացու դժգոհությունը՝ «Գազպրոմ Արմենիա»-ից» հոդվածի կապակցությամբ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայտնում է հետևյալը.

Բաժանորդ Վանիկ Ալեքսանյանի տան գազաֆիկացման համար տրված տեխնիկական պայմանների համաձայն՝ Կողբի 2-րդ փողոց, 1 տուն  հասցեում առկա են 2 գազօգտագործող սարքավորումներ՝ գազօջախ և ջեռուցման վառարան:

15.01.2019թ. «Էյ–Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ-ի մասնագետի կողմից նշված հասցե կատարված հերթական ստուգայցի ժամանակ հայտնաբերվել է, որ՝ խախտելով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համապատասխան որոշմամբ հաստատված «Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնների» (ԳՄՕԿ) 3.7 կետը,  բաժանորդ  Վ.Ալեքսանյանը կատարել է  նախագծին չհամապատասխանող ինքնակամ միացումներ և փոփոխություններ: Մասնավորապես՝ վառարանի համար նախագծով նախատեսված կետից ռետինե խողովակով կատարել է միացում և տան երկրորդ հարկում տեղադրել է ջրատաքացուցիչ:

Կողբի 2-րդ փող. 1 հասցեում գազը օգտագործվել է ՀՀ Կառավարության 05.06.2008թ. հաստատված «Կենցաղային նպատակներով օգտագործվող գազի սարքերի միացումները սահմանազատման կետին և ծխաօդատար ուղիներին՝ շահագործման մեջ գտնվող և նոր կառուցվող բազմաբնակարան շենքերում անվտանգության պահանջներ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին թիվ 784-Ն որոշման 6-րդ բաժնի 31 կետի պահանջների խախտմամբ, այն է՝  «Ծխատարի ստացիոնար համակարգին միացվող գազի սարքերը պետք է միացվեն գազատարին մետաղական կոշտ խողովակով»:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ համաձայն ԳՄՕԿ-ի 2.15 կետի բ) ենթակետի՝ բնակչի կամ բազմաբնակարան շենքում գտնվող կազմակերպության նոր գազասպառման համակարգի նախագծման, կառուցման և կարգաբերման պայմանագրով սահմանված տեխնիկական պայմանները դրանց կատարումից հետո կարող են փոփոխվել միայն կողմերի փոխհամաձայնությամբ` հետևյալ պայմանով, որ բաժանորդի նախաձեռնությամբ գազասպառման համակարգի, այդ թվում` միացման կետի փոփոխությունների, հաշվառքի սարքերի վերահավաքակցման համար անհրաժեշտ ծախսերը կատարում է բաժանորդը:

Խախտման փաստի վերաբերյալ «Էյ–Ի-Ջի  Սերվիս» ՍՊԸ-ի մասնագետի կողմից կազմվել է թիվ 873874 արձանագրությունը, ԳՄՕԿ-ի 3.19 կետի համաձայն խցափակվել է համապատասխան գազօգտագործվող սարքավորման սնուցումը և բաժանորդին իրազեկվել իր միջոցների հաշվին թերությունները վերացնելու անհրաժեշտության մասին:

Բաժանորդը 26.02.2019թ. «Գայսաթ» ՍՊԸ-ին վճարել է 7000 դրամ՝ ծխաօդատար ուղիների պիտանելիության ակտ ստանալու համար (նշված գումարը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հետ որևէ առնչություն չունի), այնուհետև վճարել է 2000 դրամ՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Երևանի ԳԳՄ կողմից նոր գազասարքավորման տեղադրման էսքիզ-սխեմա կազմելու համար:

18.03.2019թ. Երևանի ԳԳՄ կողմից կազմվել է նախահաշիվ, որով սահմանված վճարումները բաժանորդի կողմից կատարվել են 20.03.2019թ.: Երևանի ԳԳՄ համապատասխան մասնագետները Կողբի 2-րդ փող. 1 հասցեում գազասարքավորման կետի ավելացման աշխատանքներն ավարտել են 28.03.2019թ.:

Ընդ որում, Վ.Ալեքսանյանը նախապես՝ 05.03.2019թ. դիմում էր ներկայացրել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Երևանի ԳԳՄ՝ գազօգտագործող սարքավորման կետի ավելացման աշխատանքների կատարման ընթացակարգի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով,  որին պատասխանվել է Երևանի ԳԳՄ թիվ 14.03.2019թ. 22-09/838 գրությամբ:

Հավելենք նաև, որ Վ.Ալեքսանյանը 28.03.2019թ. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Երևանի ԳԳՄ ներկայացրել է գրություն՝ հավաստելով, որ կետի ավելացման աշխատանքները կատարված են և ինքը «բողոք և պահանջ»  չունի»: