Գազալցակայանները և բենզալցակայանները առանց նա...

Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծին։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է վերացնել գործող օրենսդրությամբ չափագիտական վերահսկողություն իրականացնելու համար ստուգումը սկսելուց առնվազն 3 աշխատանքային օր առաջ տնտեսվարող սուբյեկտին տեղեկացնելու սահմանված պահանջը՝ հաշվի առնելով, որ տնտեսվարող սուբյեկտները նախապես  տեղեկանալով ստուգման մասին՝ չափագիտական վերահսկողության ենթակա օբյեկտների թերությունները վերացնում են եւ պահանջվող նորմերին համապատասխանեցնում են միայն տվյալ օրը:

Աղաջանյանի խոսքով՝ վերոհիշյալ օրենքի կարգավորմամբ՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը չի կարողանում բենզալցակայաններում և գազալցակայաններում բացահայտել թերլցումները: «Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարբերաբար ահազանգեր է ստանում բենզալցակայաններում թերլցումների վերաբերյալ ու փաստացի գործող կարգավորումները, մասնավորապես, եռօրյա ծանուցման պահանջը գործնականում անհնար են դարձնում բացահայտել և արձանագրել այդ խախտումները։ Առաջարկվող օրենքի փոփոխությամբ մենք կարողանում ենք այդ խոչընդոտը վերացնել»,- ասաց Աղաջանյանը։