Գալու է ժամանակը, որ մեղադրյալի աթոռին են հայ...

Աշխատանքի և սոցիալական հարցերի  նախկին փոխնախարար Աշոտ Մարգարյանը վստահ է՝  գալու է այն օրը, երբ դատարանում մեղադրյալի աթոռին են հայտնվելու թե՜ պետական կառավարման ու ծառայության մակարդակը այսչափ արժեզրկողները, թե՜ այս բարդակի իրական ճարտարապետները։

«Համաժողովրդական բողոքի ալիքը ռեստարտի իրական հնարավորություն էր, որը, ինչպես տեսնում ենք, մսխվում է՝ ծառայելով այլ մարդկանց անձնական ու ռեվանշիստական նպատակներին։

Ակնհայտ է, որ վերջին երկու տարում այս իշխանություններին չհաջողվեց երկրում ապահովել միասնականության մթնոլորտ, բարձրացնել պետական ինստիտուտների արդյունավետությունը, արմատախիլ անել պետական միջին օղակներում տարիներով արմատավորված կոռուպցիան ու թայֆայականությունը, ապահովել որակյալ կադրերի ներհոսքը պետական ծառայության տարբեր ոլորտներ, ստեղծել տեխնոկրատների հզոր թիմ, որն առաջ կտաներ տնտեսությունն ու հարակից ոլորտները, նոր որակի կառավարում կապահովեր Հայաստանում։

Շարունակում է անհասկանալի մնալ, թե ովքեր են իշխանության եկած ուժերը՝ լիբերալներ, պահպանողականներ, լեյբորիստներ.., ի վերջո, ո՞րն է նրանց քաղաքական բովանդակությունն ու օրակարգը։

Ի՞նչ շոշափելի նվաճումներ ենք ունեցել արտաքին քաղաքականության ոլորտում, որքանո՞վ է Հայաստանն այսօր ավելի անվտանգ։ Ո՞ր փուլում են իրականում գտնվում Արցախի բանակցությունները։ Դեպի ու՞ր է գնում մեր երկիրը»,-գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։