Գագիկ Խաչատրյանի ազատության համար 230 մլն դրա...

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի պաշտպանը Խաչատրյանի խափանման միջոցի հարցի քննությանն ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանին։

Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 23–ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպան Երեմ Սարգսյանը։ Փաստաբանը մասնավորապես վկայակոչել է այն փաստարկը, որ Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ բոլոր միջնորդությունները քննում է նույն դատավորը։ Խոսքը վերաբերվում է Խաչատրյանին պատկանող առանձնատանը և այլ տարածքներում  խուզարկություններ իրականացնելու թույլատրություն տալուն, նրան կալանավորելու, ինչպես նաև կալանքը երկարաձգելու միջնորդություններին։

«Ինչպե՞ս է ստացվում, որ նույն դատավորին է մակագրվում գործը։ Դատարանի այն պատճառաբանությունը, թե նա է հերթապահ դատավորը, հիմնավոր չէ,  քանի որ այս նստավայրում հերթապահ դատավորները 5–ն են և այլ դատավորի կարող էր մակագրվել»,–ասաց նա։

Նշենք, որ դատարանն, այնուամենայնիվ, մերժել է պաշտպանի ինքնաբացարկի միջնորդությունը։

Հավելենք, որ Երեմ Սարգսյանը Գագիկ Խաչատրյանի նկատմամբ, որպես այլընտրանքային խափանման միջոց միջնորդել է թույլատրելի ճանաչել գրավի կիրառումը՝ որպես գրավի չափ առաջարկելով 230 մլն դրամը։