Ֆիոլետովո գյուղի մոտ մեքենան գլորվել է ձորը....

Oգոստոսի 3-ին, ժամը 00:48-ին «911» ծառայությանը քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ֆիոլետովո գյուղի մոտակա սարերում տեղի է ունեցել ՃՏՊ, իր վարած ավտոմեքենան կողաշրջվել է, իր և որդու (10 տարեկան) ինքնազգացողությունը վատացել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ֆիոլետովո գյուղից հարավ ընկած սարերում՝ գյուղից մոտ 15 կմ հեռավորության վրա, «NISSAN PATROL» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Ջ., ծնված 1980թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել (մոտ 500 մ) ձորը:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Փրկարարները պատգարակով ձորից դուրս են բերել ուղևորին: Վարորդին և ուղևոր Մ.Ջ.-ին (ծնված 2007թ.) շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն, տուժածները տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ: