Ֆեյքերի դեմ պայքարել պետք չէ․ Սամվել Մարտիրոս...

Հայաստանում ձևավորվել է շատ հստակ պատկերացում, որ ֆեյքը վատ բան է։ Կարծում եմ՝ դա ոչ միայն սխալ, այլ նաև վտանգավոր կարծիք է, որովհետև իր մեջ պարունակում է ակնհայտ պահանջ, որպեսզի բոլորը ցանցում  լինեն բաց»,- անդրադառնալով ֆեյքերի շուրջ քննարկումներին, դրանց դեմ պայքարի վերաբերյալ դիտարկումներին՝ նման տեսակետ հայտնեց տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Նրա դիտարկմամբ՝ ելնելով տեղեկատվության ազատության մասին օրենքից, օրինակ,  ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդն իրավունք ունի կիսվել իր տեսակետներով՝ միաժամանակ չհայտնելով իր ով լինելու մասին․

«Մենք ունենք արդեն ընդունված ազդարարի ինստիտուտ, որը ենթադրում է, որ մարդ կարող է իր ինքնությունը թաքցնելով՝ ինչ-որ բացահայտումներ անել, և պետությունը խրախուսում է»։

Սամվել Մարտիրոսյանի համոզմամբ՝  մենք փորձում ենք իրավական ու բարոյախրատական գնահատականները խառնել։ Անդրադառնալով Դիանա Հարությունյան կեղծ օգտատիրոջ դեպքին՝ Մարտիրոսյանն ասում է․

«Փաստացի մեղադրանքներ են հնչում հոդվածներով, որոնք կային Ստալինի ժամանակ, օրինակ՝ ազգի դավաճան և այլն։ Ինչ-որ բաներ կան, որոնք դատարպարտելի են, բայց պատժելի չեն։ Եթե մեկ կեղծ օգտատեր կարողանում է խարխլել մի բան, խնդիրն այդ ինչ-որ մի բանի մեջ է, ոչ թե կեղծ օգտատիրոջ։ Մենք պետք է սխալների ուղղում անենք»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը։