Օրերս հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արտակ Նահապետյանն ազատվել է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից:
Այս պաշտոնանկությունից առաջ մենք գրել էինք, որ ԱԻՆ-ում կրքերը թեժ են, քանի որ շատերը դժգոհ են Ֆելիքս Ցոլակյանի աշխատանքից։
Նախարարության մեր աղբյուրներն ասում են, որ փրկարար ծառայության պետը պաշտոնանկ է արվել Ֆելիքս Ցոլակյանի խնդրանքով։ Փրկարար ծառայության արդեն նախկին տնօրեն Արտակ Նահապետյանը, տնօրենի 2 տեղակալները, 5 մարզային վարչությունների պետեր, փրկարար ծառայության մի քանի վարչության պետեր ստորագրահավաք են սկսել նախարար Ֆելիքս Ցոլակյանի ապօրինությունների, հովանավորչության դեմ։ Ըստ մեր աղբյուրի մինչ ստորագրահավաքը կավարտվեր և անհրաժեշտ փաստերը կհասնեին վարչապետին, Ցոլակյանը կարողացել է հասնել Նահապետյանի պաշտոնակությանը։
Ըստ ամենայնի Ցոլակյանը մոլորեցրել է վարչապետ Փաշինյանին և չի ներկայացրել նախարարությունում ստեղծված լարված իրավիճակի իրական պատճառները։ Նա վարչապետի ձեռքով ազատվել է իր կամայական որոշումների դեմ դուրս եկող աշխատակիցներից։