«Երկու երեխաների մայր եմ և պատրաստվում եմ հայերեն գրել ու կարդալ սովորել». եզդի կին

եզդի երեխաՆանա Շառոյանը ամուսնացած է և ունի երկու երեխա, սակայն մինչև այսօր չգիտի հայերեն այբուբենը: Մինչ ամուսնությունը Նանայի համար կարևոր չի եղել հայերենի գրավոր իմացությունը, քանի որ չի գիտակցել դրա կարևորությունը. «Հիմա երեխաներ ունեմ, ու ինձ համար դժվար է, որ չգիտեմ հայերեն գրել ու կարդալ: Խոսել գիտեմ. փողոցում կամ ֆիլմերից եմ սովորել, իսկ գրել-կարդալ չսովորեցի, որովհետև ծնողներս թույլ չտվեցին գնալ մինչև անգամ երրորդ դասարան ,-ասում է երիտասարդ մայրը՝ ավելացնելով, որ այսօր, երբ իր երեխաներն են դպրոց գնում, ինքն արդեն իրեն անհարմար է զգում: — Ամեն երեխա էլ դպրոցում ուսման հետ դժվարություն ունենում է ու էդ ամենը փորձում է հաղթահարել իր ծնողների միջոցով: Իմ երեխաները չեն կարողանում, քանի որ ինքս էլ չգիտեմ ու չեմ կարող իրենց օգնել: Չեք պատկերացնի՝ ինչ նվաստացուցիչ է, որ չեմ կարողանում օգնել երեխաներիս: Ես հայերեն լավ եմ խոսում ու շատերը կարծում են, որ կրթություն եմ ստացել, այնինչ անգամ երրորդ  դասարանը չեմ ավարտել»,-ասում է Նանա Շառոյանը:

Երիտասարդ եզդի կինը դպրոցից դուրս է մնացել, քանի որ իր տատիկն ու պապիկը դեմ են եղել, և ծնողները իրեն հանել են դպրոցից. «Ես երկրորդ դասարան էի, երբ տատս և պապս ծնողներիս ստիպեցին ինձ հանել դպրոցից: Իրենք ասում էին, որ ամոթ է, երբ աղջիկը սովորում է: Աղջիկն, իրենց կարծիքով, պետք է տանից դուրս չգա և ամուսնանա: Պապիկս շատ խիստ մարդ էր, ուստի հայրս որևէ քայլի չդիմեց ինձ պաշտպանելու համար: Հայրս գնաց և խոսեց դպրոցի տնօրենի հետ (Նանան չի ցանկանում նշել իր գյուղն ու դպրոցը) և խնդրեց, որ ես դպրոց չգնամ, իսկ տնօրենը 8-ամյա կրթությունս լրանալուն պես, պետք է գումարի դիմաց ինձ վկայական տար: 16 տարեկանում ես արդեն ամուսնացած էի ու չէի կարող այլևս զբաղվել իմ կրթությամբ: Հայերենս զարգացնելու համար սկսկեցի շատ հայկական ֆիլմեր դիտել, ինչի արդյունքում բանավոր լեզվին լավ եմ տիրապետում,-ասաց Նանան և ավելացրեց, որ չնայած երկու երեխաների մայր է, պատրաստվում է գնալ հայերեն գրել-կարդալ սովորելու հայոց լեզվի ուսուցչուհի իր հարևանի մոտ: -Արդեն որոշակի գումար հավաքել եմ ու կարծում եմ՝ երեք-չորս ամիս հետո գրել կիմանամ: Ինձ համար կարևոր է, որ երեխաներս իրենց վատ չզգան ու օգնություն ակնկալեն ինձանից»,-ասաց Նանան՝ վերջում ավելացնելով, որ ցանկանում է, որ իր երեխաները դառնան ուսուցիչ և փորձեն որևէ բան փոխել իր համայնքում:

Զրույցը վարեց Բորիս Մուրազին

«ԵԶԴԻ ԿԱՆԱՆՑ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» զեկույց                                                                                                 «Սինջար» եզդիների ազգային միավորում

Կարող եք կարդալ նաև

«Հայրս ասաց՝ այլևս դպրոց չեմ գնա, որովհետև որոշել էին ամուսնացնել ինձ»

 


Այս թեմայով