Եղվարդի բժշկական կենտրոնում շահագործման հանձն...

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր խորհրդականի և մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պատասխանատուների հետ աշխատանքային այցով եղավ Եղվարդի «Նաիրի» բժշկական կենտրոնում, որտեղ մասնակցեց շտապօգնության ընդունարանի և էմերջենսի անհետաձգելի բուժօգնության նոր, ժամանակակից սարքավորումներով հագեցած ու հիմնանորոգված բաժանմունքի բացման արարողությանը, հանդիպում և քննարկում ունեցավ բուժանձնակազմի հետ, ինչպես նաև բուժկենտրոնի ղեկավարի պաշտոնակատարի հետ քննարկեցին բժշկական կենտրոնում իմ աշխատակազմի կողմից մշակված խորքային փոփոխությունների ռազմավարական ծրագրի ընթացքն ու հետագա քայլերը:

Կոտայքի մարզի Նաիրիի տարածաշրջանը Covid19-ի դեմ պայքարի առումով բավականին լավ վիճակում է գտնվում, այստեղ մենք չենք ունեցել համավարակի խոշոր օջախային բռնկումներ: Դա մեր բուժաշխատողների գրագետ, նվիրված ու միասնական աշխատանքի արդյունքն է, ինչի համար մարզպետն իր խորին երախտագիտությունը հայտնեց հարգելի բժիշկներին:

Մարզերում և մայրաքաղաքում առողջապահական ծառայությունների որակի համահարթեցմանն ուղղված ծրագրերի շրջանակում այսօր մեկ կարևոր ձեռքբերում արձանագրվեց՝ շտապօգնության ընդունարանի և էմերջենսի անհետաձգելի բուժօգնության նոր ու վերազինված բաժանմունքի շահագործումը: Մյուս կարևոր և առավել մաստաբային քայլը լինելու է բուժկենտրոնի ծննդօգնության բաժանմունքի հիմնանորոգումը, որի շինարարական աշխատանքների մրցույթն արդեն հայտարարված է: Համավարակի պատճառած անհարմարությունները չպետք է խանգարեն կյանքի կոչել այս կարևորագույն ծրագիրը:

Մարզպետը ևս մեկ անգամ փաստեց, որ կայուն զարգացման ռազմավարական ծրագրերի անխափան ընթացքը քաղաքական և հումանիտար առաջնահերթություն է: Քայլ առ քայլ կյանքի կկոչվեն բուժկենտրոնի տեխնիկական վերազինման ծրագրերը:

Մարզպետը նաև տեղեկացրեց, որ այս պահին Առողջապահության նախարարության հետ նոր բուժկենտրոնի կառուցման համար տարածքի փնտրտուքների մեջ են: Ունենալու ենք արդի սարքավորումներով բժշկական կենտրոն, որն առաջատար է դառնալու տարածաշրջանում: Ընթացքի մեջ են նախագծանախահաշվային աշխատանքները: Բոլոր ընթացակարգերի ավարտից հետո, բուն շինարարական աշխատանքների մեկնարկը նախատեսվում է 2021 թ. վերջին:

Մարզպետն իր եզրափակիչ խոսքում հավելեց, որ ճիշտ է, համավարակը բավականին շեղեց տնտեսական զարգացման արագ ընթացքից, բայց դա չի կարող խոչընդոտել Կոտայքի մարզի զարգացմանն ու կոտայքցու կյանքի որակի բարձրացմանն ուղղված ծրագրերին: Այս տարի Կոտայքի մարզից Կառավարությանն է ներկայացվել 105 սուբվենցիոն ծրագիր, որի 30%-ն արդեն հաստատվել է:

Կոտայքի մարզպետարան