Եղվարդի Երևանյան խճուղի 11 հասցեից վտարված բնակիչների համար լուծում է գտնվել` նրանք տուն են վերադառնում: Այս մասին հայտնում է Կոտայիք մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը.
«Եղվարդ համայնքի ղեկավարի հետ համակողմանի ուսումնասիրության արդյունքում թիրախային լուծումներ գտանք մասնավորի տարածքը հարկադրաբար ազատած՝ Եղվարդ համայնքի մեր քաղաքացիների համար:
Վերջիններս դադարեցրել են իրենց բողոքի ակցիան ՀՀ կառավարության շենքի առջև և այժմ վերադառնում են Եղվարդ՝ հանդիպելու համայնքի ղեկավարին և խորհրդականիս, որպեսզի քննարկեն հարցի վերջնական լուծման քայլերի հաջորդականությունը», - Facebook-ի իր էջում գրել է Ռոմանոս Պետրոսյանը։
Ավելի վաղ Politik.am-ին տեղեկացրել էին, որ բողոքի ակցիա իրականացնող բնակիչներից մի քանիսը այսօր գնացել էին Եղվարդ:
Մեր զրուցակցին Եղվարդի քաղաքապետ Նորայր Սարգսյանը հայտնել էր, որ շինությունը, որտեղ ապրել են բնակիչները, սեփականաշնորհված է եղել. «Բնակիչներն իրենց նախաձեռնությամբ են տեղափոխվել այնտեղ, կարգի են բերել շինությունը. «Մենք երբեք նրանց չենք հավաստիացրել, որ այդ շինությունը իրենցն է, և որ իրենց չեն հանելու այնտեղից»,-ասաց Սարգսյանը: Շինությունը սեփականաշնորհած Գուրգեն Զաքարյանը առաջարկել է բնակիչներին տվյալ շինությունից մի հատված տրամադրել, որտեղ կարող են բնակվել որքան կցանկանան: Քաղաքապետը մեզ հետ զրույցում ասաց, որ այդ տարբերակով կարող են լուծել տանիքից զրկված մարդկանց խնդիրը»,- ասել էր քաղաքապետը:



