Եվ Հայաստանում եւ Վրաստանում նույնաբովանդակ պ...

Այն, որ Հայաստանում գալու էր այն օրը, որ սկսվեր այսպես ասած սեքսուալ հեղափոխությունը, պարզ էր դեռ երկու երեք տարի առաջ։ Ի վերջո, անհնարին էր, որ չգար, որովհետեւ գլոբալացվող աշխարհին հատուկ երեւույթներից մեկն էլ դա էր։ Սակայն զարմանալի է այն, որ այդ հեղափոխությունը Հայաստանում որոշել են իրականացնել սպորտի ոլորտից սկսելով, որպես առաջին քայլ վերցնելով Մել Դալուզյանին։

Եթե ուշադիր նայենք, ապա այն, ինչ հիմա կատարվում է Հայաստանում, գրեթե նույնպիսի երեւույթներ էլ կատարվում են Վրաստանում, հայտնի ֆիլմի հետ կապված, որը արդեն հասցրել է նույնիսկ «Օսկարի» համար առաջադրվել։ Վրացիների պարագայում ազգային բալետն է կամ ժողովրդական պարը, որը հայտնվել է թիրախում։ Երբ երկու դեպքերը համադրում ենք, բնական հարց է առաջանում՝ ինչու։ Հայաստանի դեպքում աշխարհի համար այցեքարտ է հանդիսանում նաեւ սպորտը, հետեւաբար արդյոք, թիրախում հայտնվեց սպորտը եւ սկսվեց այդտեղից քայքայման հերթական օջախի բորբոքումը։

Վրացիների համար էլ ժողովրդական պարը կամ ազգային բալետն է այցեքարտ ու հիմա այնտեղ էլ փորձում են հերթական գլոբալացման ալիքը տարածել այդ ուղղությունը թիրախ վերցնելով։ Առհասարակ շատ տարօրինակ է, որ երկու հարավ-կովկասյան երկրներում գրեթե նույնաժամանակ են տեղի ունենում գրեթե նույնաբովանդակ իրադարձություններ։ Կա տպավորություն, որ նույնիսկ ընդհանուր մոդերացիա է գործում։

Ու սա արդեն ոչ թե մարդու իրավունքների կամ ներառականության կամ այլ խնդիր է, այլ հստակ համակարգված քաղաքականություն, որը կարող է վերաճել ու հասնել ազգային անվտանգության խնդրի։ Այլ է հարցը, որ քաղաքական ցնցումները երեւույթը որպես այդպիսին Վրաստանում խլացրեցին, սակայն հիշենք, որ ցույցերից առաջ հայտնի ֆիլմի հետ կապված խնդիրը մեր հարեւան երկրում թիվ մեկն էր իրադարձությունների տասնյակում։