Եթե իշխանությունը մնացել է «սեփական հորինածի...

Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի երեկվա հայտարարությունից հետո էլ, եթե վարչապետ Փաշինյանը չհանդարտվի ՍԴ մասով, եւ շարունակի նախաձեռնած պատերազմը Հրայր Թովմասյանի եւ մյուսների դեմ, ապա կարելի կլինի հստակ ֆիքսել, որ իշխանությունը ըստ էության հայտնվել է սեփական թակարդում, կամ ինչպես կասեին փողոցում՝ սեփական կարգախոսների ու հայտարարությունների «տակ է մնացել»։

Ու այս դեպքում ելքը իշխանության խորքային թարմացումը կարող է լինել կամ ինչպես Արթուր Վանեցյանը առաջարկեց շաբաթներ առաջ՝ նոր վարչապետի ընտրության գնալը։ Երբեւէ չէր էլ կարելի պատկերացնել, որ Հայաստանի մասով, հնարավոր է նման հայտարարություն լինի։

Իրավիճակը, անկախ մանիպուլյացիաներից, բավական լուրջ է, այլապես հայկական կողմի նախաձեռնությամբ չէր կայանա Նիկոլ Փաշինյան- Շառլ Միշել հեռախոսազրույց։ Եվրոպան մեղմ ասած, այժմ այնքան էլ «սիրտ ու հավես չունի», որ նստի ու զբաղվի «Հայկական դուչեի» հարցերով։ Այնտեղ լրիվ այլ առաջնահերթություններ կան այժմ՝ «Բրեքսիտից» հետո։

Ի վերջո միությունը կորցրել է իր տնտեսության 15 տոկոսը՝ Լոնդոնի «հեռանալով» եւ Բրյուսելում էլ փորձում են այլընտրանքներ գտնել։ Այս առումով, առաջարկների պակաս Բրյուսելը չի ունենա։ Անշուշտ Փաշինյանն էլ իր առաջարկների փաթեթը գուցե ունենա, սակայն աղքատ Հայաստանի առաջարկները այնքան էլ չեն հետաքրքրում հիմա ԵՄ-ին՝ առավել կարեւորների շարքում։

Պարզ է մի բան, որ Բրյուսել-Երեւան հարաբերություններում այժմ սովորական իներցիան է գործում, քանի որ Բրյուսելը երկու տարվա մեջ չստացավ «ավելին» Երեւանից, որ ինքն էլ առաջարկեր իր «ավելին» Երեւանի «ավելիի» դիմաց։ Այնտեղ արդեն խոսում են Հայաստանի քաղաքական հասունության մասին, իսկ դա նշանակում է, որ եթե Երեւանից աղմուկը ուժգնանա, պարզապես կանցնեն այն նույն մեթոդին, ինչով այժմ փորձում են «քոթակել» Լեհաստանին։

Վերադառնալով իշխանության խորքային թարմացման հարցին։ Սա կարող է ապահովել Երեւանին նոր էջից սկսել ամեն բան, ու փորձել գոնե կասեցնել անկումն ու վերականգնել կորուստները։