Եթե ճկուն չեղար՝ կորցնելու ես եւ ներդրում, եւ...

Արաբ շեյխերի այցը Հայաստան, ներդրումներ կատարելու մտադրությունն ու Երեւանի քաղաքապետի արձագանքը, կարելի է ասել, դարձել է հայաստանյան ներքաղաքական օրակարգի ամենաքննարկվող հարցերից մեկը։ Իշխանությունը փորձում է ամեն կերպ արդարացնել իր թիմակցի գործողությունները, կառչելով ցանկացած մանրուքից, հակառակ կողմն էլ փաստում է, որ սխալ վերաբերմունքը հանգեցրել է 400 միլիոն դոլարանոց ներդրումային ծրագրի ձախողման։ Հերթական անգամ ականատես ենք լինում ի դեմս Հայկ Մարությանի պահվածքի, իշխանությունների ոչ-կոմպետենտությանը։   

Առհասարակ անհասկանալի է, թե ինչն է վիրավորել Երեւանի մեծադղորդ քաղաքապետին, որ որոշել է հանդիպումը նման «բեզցերեմոննի» ձեւով ավարտել։ Առհասարակ, եթե ներկա իշխանությունները ցանկանում են աշխատել արաբական աշխարհի հետ բիզնես ոլորտում, ապա վատ չէր լինի յուրացնեին արաբական աշխարհի բիզնես էթիկան, նրանց ավանդույթները, մոտեցումները, առհասարակ արաբական միապետությունների պատմությունը, իշխող թագավորական ընտանիքների պատմությունը, մեկմեկու հետ ունեցած կապը, առհասարակ արաբական աշխարհի՝ ֆինանսական եւ տնտեսական ներուժը գլոբալ առումով։

Արձանագրենք միայն, որ արաբական բիզնես էթիկան ամենաբարդերից եւ ամենանրբազգացներից է, որտեղ ամեն մի մանրուքը հաշվի է առնվում։ Որեւէ շեյխ որեւէ խնդիր չունի իր գումարները ներդնելու՝ Հայաստանում դա կլինի, Ադրբեջանում կամ Վրաստանում թե՝ օրինակ Բուրկինա-Ֆասոյում։ Հայկ Մարությանի որեւէ թիմակից թող բացի աշխարհի մեծահարուստների ցանկերը ըստ «Բլումբերգի» կամ ըստ «Ֆորբսի» ու ուսումնասիրի՝ թե արաբական անուններով քանի մարդ կա այնտեղ։

Արաբական աշխարհի միապետներն ու նրանց զավակները, կապ չունի գահաժառանգ են թե պարզապես արքայազն, սպասված հյուր են աշխարհի ցանկացած երկրում։ Նրանք, որպես ընդհանուր մոտեցում բավական ուշադիր են ու խորազնին ուսումնասիրում են դիմացինին՝ խոսք, ժեստիկուլյացիա, դեմքի արտահայտություն, նույնիսկ բարեւի ձեւ, թեյ առաջարկելու կոնկրետ պահ՝ հանդիպման ընթացքում, թեյի տեսակ, սեղանին ձեռքերի դնելու ձեւ եւ այլն։Ամեն ինչ Արեւելքում ունի իր իմաստն ու նշանակությունը, իր սիմվոլիկան ու այս արարողակարգային նրբություններին տիրապետելով ու ճիշտ ազդակներ ուղարկելով է, որ կարելի է հասնել հաջողության։ Այլապես, ներդրումը կգնա լրիվ այլ երկիր, իսկ կորցնողը կլինի միայն հայկական կողմը։

Հիշենք, Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման ալ-Սաուդի Կրեմլ այցելության ժամանակ Կրեմլում նույնիսկ որոշակի շինարարություն եղավ, հատուկ ժամանակավոր վերելակ հարմարեցվեց, որպեսզի շարժվելու հետ կապված խնդիր ունեցող թագավոր Սալմանը որեւէ խնդիր չունենա։

Եվ դա արեց Ռուսաստանի նման գերտերությունը, որովհետեւ հետապնդում էր շահեր։ Նույն Սալման թագավորի մոտ հյուրընկալվելիս ԱՄՆ նախագահը մասնակցեց սաուդական ավանդական թրերով պարին, ընդգծելու համար, որ ընկալում է սաուդական մշակութային առանձնահատկությունները։

Արդյունքում 110 միլիարդ դոլարի ռազմական մատակարարումների գործարք կնքեց։ Հանուն շահերի՝ Քոնդոլիսա Ռայզը մեկ ժամ մոտ, սպասեց Կրեմլում, մինչ Պուտինի հետ կհանդիպեր․ Պուտինը դեմարշ քայլ արեց դրանով, բայց ամերիկացի երբեմն Պետքարտուղարի դեմքից ժպիտը չհեռացավ՝ ամերիկյան ազգային շահերն այդպես էին թելադրում։ Սա է դիվանագիտությունը․ այլապես կորցնողը նա է լինելու, ով ճկուն չէ։