Եթե ցանկանում եք լուծել ձեր սոցիալական հարցեր...

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյբուքում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորեւ․

ՀԱՅԿԱԿԱՆ ՊՐԱԳՄԱՏԻ՞ԶՄ

Փակվում է Մարալիկի ծննդատունը։ Մինչ այդ փակվել էին գիշերօթիկները։ Փակվել, թե՞ փակվելու են ծերանոցները։ Ի՞նչ է այս ամենի անունը՝ օպտիմալացու՞մ, ծախսերի խնայու՞մ, թե՞ չգիտեմ ինչ։

Պատճառաբանությունները կարող են տարբեր լինել, բայց եթե ամբողջացնենք, ապա ունենում ենք մի պատկեր, որը կարելի է ժողովրդական խոսքով անվանել․ «Եղունգ ունես, գլուխդ քորի»։

Իրականում իշխանությունը կատարում է պարզ թվաբանական հաշվարկ՝ արդարացնու՞մ են արդյոք բյուջեի ծախսերը «պահելու համար» համայնքային հիվանդանոցները, գիշերօթիկները, ծերանոցները։ Այս տրամաբանությամբ առաջնորդվելու դեպքում, պետք է փակել համարյա բոլոր համայնքային դպրոցները նույնպես։ Հարգելիներս, ախր ամեն հարցում չէ, որ չոր ֆինանսական հաշվարկով պետք առաջնորդվի պետությունը։

Ի՞նչ եք ուզում, որ առանց այն էլ դատարկվող մարզերը վերջնականապես դառնան ուրվական բնակավայրե՞ր։

Շատ քաղաքակիրթ երկրներ, հակառակը՝ դատարկվող համայնքներում բնակվելու համար արտոնություներ են սահմանում, հատկապես՝ ֆինանսական։ Առավել ազնիվ լինելու համար, իշխանություններին առաջարկում եմ հանել ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածից Հայաստանի սոցիալական պետություն լինելու մասին բառը։

Եվ ամրագրեք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, եթե ցանկանում եք լուծել ձեր սոցիալական հարցերը, հասեք իշխանության, դարձեք պատգամավոր, նախարար, փոխնախարար և վայելեք արտոնություններ՝ բարձր աշխատավարձ, ամենամսյա բարձր պարգևավճարներ, ճոխ գործուղումներ և այլն։