Եթե Առողջապահության նախարարությունը գտնի, որ...

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով վարչապետի և նրա ընտանիքի՝ կորոնավիրուսով վարակված լինելու փաստին, նախ առողջություն մաղթեց նրանց, ապա հավելեց, որ նախորդ  շաբաթ վարչապետի՝ ԱԺ նիստին մասնակցելու հետ կապված մտահոգություն չունի, քանի որ բոլորը նիստին դիմակներով են եղել.

«Եթե Առողջապահության նախարարությունը գտնի, որ մեր թեստավորվելը անհրաժեշտ է, ապա կհանձնենք թեստեր»:

Լիլիթ Մակունցի խոսքով՝ քննարկում են նիստերը հեռավար անցկացնելու օրենսդրական նախաձեռնության հարցը: 

Ինչ վերաբերում է սահմանադրական հանրաքվեն չեղարկելու վերաբերյալ օրենքին, որն արդեն ընդունվել է առաջին ընթերցմամբ, իշխող խմբակցության ղեկավարը հատուկ ընդգծեց, որ բոլոր օրենքները պետք է ծառայեն ՀՀ քաղաքացիներին, այս պարագայում նաև ՀՀ քաղաքացու անվտանգությանը և նաև հանրային անվտանգությանը

«Հետևաբար համավարակի այս պայմաններում հանրաքվեի չեղարկումը պարզապես անհրաժեշտություն է: Մենք չենք կարող նման  պայմաններում անցկացնել հանրաքվե: Սա կարծում էի՝ պետք է ընդունելի լիներ նաև ընդդիմադիր մեր գործընկերների համար»:

Մակունցն ակնարկեց, որ  ընդդիմադիրների մտահոգությունները ոչ այնքան հանրաքվեն չեղարկելու հետ են կապված, որքան ՍԴ-ի ճգնաժամը լուծելու հետագա քայլերին են առնչվում, որովհետեւ հանրաքվեին «Լուսավոր Հայաստանը» դեմ էր, իսկ ԲՀԿ-ն չի քվեարկել՝ դրանով արտահայտելով իր դեմ դիրքորոշումը հանրաքվե անցկացնելու վերաբերյալ: