Եթե ապօրինի ձևով փակենք հանքը, վաղը ապօրինի ձ...

Ազգային ժողովի նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձ եղավ Ամուլսարի վերաբերյալ։ Հարց բարձրացրեց պատգամավոր Արման Բաբաջանյանը։

«Ինչո՞ւ եք պատասխանատվություն ստանձնում նախորդ հանցավոր ռեժիմի կողմից տրված լիցենզիայի համար՝ առանց դրա օրինականությունը քննության առնելու։ Արդյոք չեք կարծում, որ այդպիսով դեմ եք գնում հեղափոխությամբ այդ նույն հանցավոր ռեժիմին սպասարկող տնտեսական կառուցակարգերը վերացնելու ձեր իսկ տված խոստմանը», - վարչապետին հարցրեց Բաբաջանյանը։

«Եթե թույլ կտաք նույն տրամաբանությամբ վերադարձնեմ մի հատված ձեր հարցից՝ ինչո՞ւ եք կիսում նախորդ հանցավոր ռեժիմի քաղաքական պատասխանատվությունը՝ համաձայնելով նրա ընդունած կասկածելի հանրաքվեով  սահմանադրությամբ և ընտրական օրենսգրքով ձևավորված Ազգային ժողովում լինել պատգամավոր։

«Իմ դիրքորոշումը ինչպես Ամուլսարի, այնպես էլ մնացյալ հարցերում հետևյալն է՝ Ամուլսարի որոշումը պետք է լինի իրավական։ Սա շատ կարևոր է, որովհետև մենք խոսում ենք իրավական պետության մասին։ Եթե որոշ դեպքերում հարցին կա էմոցիոնալ մոտեցում, հարցին կա բնապահպանական, տնտեսական մոտեցում, ես կարծում եմ, որ բոլոր մոտեցումների հանգուցալուծումը պետք է լինի իրավական մոտեցումը։ Ընդհանուր առմամբ, իմ դիրքորոշումը այն է, որ ցանկացած դեպքում մենք պետք է հետամուտ լինենք ճշմարտությանը ու առաջնորդվենք ճշմարտությամբ՝ առանց կանխավարկածի, թե ինչպիսին պետք է լինի ճշմարտությունը։ Չկա որևէ մեկը Հայաստանում, որը կարող է մեզ մեղադրել, որ մեր կառավարությունը ինչպես Ամուլսարի և որևէ հարցում մինչև վերջ հետամուտ չէ ու չի լինելու ճշմարտությանը։ Ինձ համար ճշմարտությունը Հայաստանի պետական ու ազգային շահն է, որը եղել է առաջնահերթություն։ Ես կարծում եմ, որ Հայաստանի վարչապետի կարգավիճակից բխող միակ որոշումը, որը կարող է լինել արդարացված ու լեգիտիմ, հենց սա է։ Եթե մենք ապօրինի ձևով փակենք հանքը, վաղը ապօրինի ձևով կփակենք լրատվամիջոցը, մյուս օրը՝ արտադրամասը և այդպես շարունակ», - ասաց վարչապետը։