Էստոնիայում արտակարգ իրավիճակ է հայտարարվել,...

Էստոնիայում ՀՀ դեսպանությունից հայտնում են․

«Էստոնիայի կառավարությունը երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով արտակարգ իրավիճակ է հայտարարել:

Արտակարգ իրավիճակն այս պահի դրությամբ կշարունակվի մինչև 2020 թվականի մայիսի 1-ը, քանի դեռ կառավարությունն այլ որոշում չի կայացրել: Այն նաև ազդում է դպրոցների, մշակութային կյանքի և նավարկության վրա:

Արտակարգ իրավիճակի միջոցառումները

‼️ Բոլոր հասարակական հավաքներն արգելված են:

‼️ Մարտի 16-ից բոլոր դպրոցները դադարեցնում են առկա ուսուցումը. այն կփոխարինվի տնային ուսուցմամբ: Բոլոր տարրական, հիմնական, ավագ, միջնակարգ, արհեստագործական և բարձրագույն դպրոցներին ու համալսարաններին մարտի 13-ին կտրամադրվեն ուղեցույց և նյութեր հետագա դասապրոցեսի համար:

‼️Համալսարաններում և հետազոտական հաստատություններում հետազոտությունների իրականացումը կշարունակվի:

‼️ Մանկապարտեզների և երեխաների խնամքի հաստատությունների աշխատանքային ժամերը և կազմակերպումը կորոշեն մանկապարտեզի համար պատասխանատու տեղական մարմիններն ու իշխանությունները:

‼️ Քաղաքացիները ստիպված կլինեն անցնել սանիտարական ստուգումներ ցամաքային սահմանային անցակետերում, ինչպես նաև լրացնել այն ձևաթղթերը, թե երբ նրանք մտնել Էստոնիա և որտեղ են եղել: Օդանավակայաններում և նավահանգիստներում կներդրվի սանիտարական հսկողություն, իսկ հարցաշարերը կներդրվեն նաև ցամաքային սահմանային անցակետերին:

‼️ Տալլին-Ստոկհոլմ-Տալլին ուղևորատար նավի տոմսերի վաճառքը կդադարեցվի: Բեռնափոխադրող ընկերությունների հետ համագործակցության արդյունքում կմշակվեն և կիրականացվեն վիրուսի տարածումը սահմանափակող միջոցառումներ

‼️ Գրադարանները բաց են մնում միայն սահմանափակ չափով:

‼️Թանգարաններն ու կինոթատրոնները փակ կլինեն այցելուների համար մինչև մայիսի 1-ը:

‼️Արգելվում են բոլոր ներկայացումները, համերգները և գիտաժողովները:

‼️Բոլոր մարզական միջոցառումներն արգելված են մինչև մայիսի 1-ը:

‼️ Այցելության արգելք կլինի բոլոր խնամքի տներում, հիվանդանոցներում և կալանավայրերում»:

Գերմանիայում ՀՀ դեսպանությունից էլ տեղեկացնում են, որ երկիրը փակել է սահմանները հարեւան երկրների հետ։

«Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ
ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Գերմանիայի կառավարությունը տեղեկացնում է, որ ս.թ. մարտի 16-ից առավոտյան ժամը 08:00-ից Դաշնային կառավարության որոշմամբ Գերմանիան իր 5 հարևան երկրների՝ Ֆրանսիայի, Ավստրիայի, Լյուքսեմբուրգի, Շվեյցարիայի և Դանիայի հետ սահմանները ժամանակավորապես փակում է: Սահմանային անցակետերին ստուգումները կիրականացվեն դաշնային և համապատասխան երկրամասային ներքին գործերի նախարարությունների ստորաբաժանումների կողմից:

Այս պահի դրությամբ, այդ սահմանափակումները չեն գործում բեռնափոխադրումների, ինչպես նաև այն անձանց համար, ովքեր աշխատանքի բերումով պարտավոր են սահմանը հատել (օրինակ՝ բժիշկներ, պետական ծառայողներ): ԳԴՀ քաղաքացիները և ԳԴՀ-ում մշտական կացության իրավունք ունեցող անձիք կարող են մուտք գործել Գերմանիա: Մնացյալ ճամփորդողները, առանց հատուկ կարևորության հիմքերի, չեն կարող նշյալ 5 երկրներից մուտք գործել ԳԴՀ:

Մուտքի արգելքը գործում է նաև այն անձանց համար, ում մոտ կհայտնաբերվի COVID-19 վիրուսի ախտանիշ կամ կասկած: Նմանօրինակ դեպքերում ոստիկանության ներկայացուցիչները համապատասխան առողջապահական գերատեսչությունների հետ կապ կհաստատեն, որից հետո միայն որոշում կընդունվի:

Միաժամանակ հայտնում ենք, որ օտարերկրյա պետությունների այն քաղաքացիները, ովքեր ժամանակավորապես գտնվում են Գերմանիայում (գործող Շենգենյան մուտքի արտոնագրով՝ զբոսաշրջություն կամ ժամանակավոր գործուղում) և նրանց մուտքի արտոնագրի ժամկետը լրանում է, պետք է դիմեն տվյալ քաղաքի օտարերկրացիների հարցերով պատասխանատու գերատեսչություն (Ausländerbehörde)՝ ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթերը՝ Գերմանիայում գտնվելու կեցության ժամկետը երկարաձգելու / օրինականացնելու նպատակով»: