Ես կճանաչեմ Հայոց ցեղասպանությունը, եթե դառնա...

Ղազախ քաղաքական և հասարակական գործիչ, Ղազախստանի ինտերնացիոնալ շարժման առաջնորդ Բախիտժան Կոպբաևը նշել է, որ երկրի նախագահ ընտրվելու դեպքում մտադիր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

«Ես որպես հստակ քաղաքական կողմնորոշում ունեցող մարդ դատապարտում եմ մարդկության հանդեպ արված բոլոր հանցագործությունները: Տարօրինակ կլինի չճանաչել Հայոց ցեղասպանությունը: Եթե մենք  ընդունում ենք գերմանացիների կողմից հրեաների ֆիզիկական բնաջնջումը որպես էթնիկական հանգամանքով պայմանավորված  հանցագործություն, ապա ինչպե՞ս կարող ենք աչք փակել օսմանյան իշխանությունների նույնանման գործողությունների վրա: Ամեն ինչ փաստաթղթավորված է թե՛ արևմտյան տերությունների, թե՛ հենց թուրքերի կողմից»,- Facebook-ում գրել է Կոպբաևը:

Նրա խոսքերով` այս հայտարարությունն ավելի շատ ուղղված է ներքին լսարանին, որտեղ ակտիվանում են թրքամետ ծայրահեղական ուժերը:

«Ողբերգական իրադարձություններից հարյուր տարի անց, իմ երկրում էլ սկսել են գլուխ բարձրացնել նույնպիսի «երիտթուրքեր», ինչպես այն ժամանակ էր: Մեր երկրի իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության չճանաչումը հույս է տալիս թուրքական ազդեցիկ ուժերի կողմից ֆինանսավորվող և աջակցություն ստացող այսօրվա նացիստներին  կրկնելու ցեղասպանությունը մեր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների հանդեպ»,- ասել է Կոպբաևը: