Երկրի տարածքային համաչափ զարգացումը հնարավոր...

Պետությունների ճիշտ կառավարման արդյունավետությունը հիմնված է նախ եւ առաջ ճիշտ տարածքային կազմակերպմամբ եւ կառավարմամբ: Ցավոք սրտի, շատ հաճախ տարածքային կառավարում նկատի է առնվում՝ հաշվի առնել եւ համակերպվել առկա տարաբնակեցման համակարգը եւ քաղաքականություն մշակել հենց այս համակարգի համար: Այնինչ, ավելի ճիշտ է, իսկ երկարաժամկետ առումով նույնիսկ այլ տարբերակ չի մնում, քան ձեռնարկել լուրջ միջամտություններ նոր տարաբնակեցման համակարգեր ստեղծելու համար: Դրա համար, նախ պետք է ձեւավորել համակարգաստեղծ գործոններ, պլանավորել ապագա տարաբնակեցման համակարգը եւ փուլ առ փուլ կատարել հստակ գործողություններ վերջնական համակարգը ձեւավորելու համար:
Ընդհանրապես, տարաբնակեցման համակարգը կենդանի օրգանիզմ է, եւ անընդհատ տեղի են ունենում փոփոխություններ նրա ներսում: Ուստի պետք է անընդհատ վերահսկողության տակ պահել այն, կիրառելով հստակ մշակված միջամտություններ՝ միշտ ցանկալի եւ նախօրոք պլանավորված արդյունքին հասնելու եւ արդյուանվետ պատկերը պահպանելու համար:

Մեկ անգամ արդեն անդրադարձել եմ Արցախի տարաբնակեցման համակարգի եւ առկա վարչատարածքային բաժանման անարդյունավետության մասին: 

Հարկ է արձանագրել, որ Արցախի Հանրապետության ներկայիս տարաբնակեցման համակարգը, ավելի լայն իմաստով՝ բնակավայրերի, բնակչության, տնտեսության ճյուղերի, ենթակառուցվածքների տարածքային տեղաբաշխումը մեզ հասած ժառանգություն է , այլ ոչ թե ՝ պլանավորած զարգացման քաղաքականության արդյունք: Եվ ամենեւին էլ մենք պարտավորված չենք հաշվի նստել տարածաշրջանում ժամանակի ընթացքում պատմական եւ աշխարհաքաղաքական զարգացումների հետեւանքով մեզ հասած այսօրվա տարաբնակեցման վիճակի հետ: Այսօր ունենք շուրջ 12 հազար ք/կմ տարածքով պետություն եւ պետության տարածքի ամբողջական իրացման, բնակչության արդյունավետ , ինչպես նաեւ հարմարավետ տեղաբաշխման եւ բարեկեցության ապահովման համար պարտավոր ենք իրականացնել հստակ քաղաքականություն ՝ ունենալով տարածքային ճիշտ կառավարում եւ դրանով պայմանավորված՝ տարածքային համաչափ զարգացում:

Հետեւելով Արցախի Հանրապետության բնակչության տեղաշարժին, ուրվագծվում է հետեւյալ պատկերը՝ վերջին երկու տասնամյակների ընթացքում գյուղական բնակավայրերի բնակչությունը նոսրանում է, ավելանում է քաղաքային (հիմնականում Ստեփանակերտ քաղաքի) բնակչության թիվը: Որոշ գյուղական բնակավայրերում պատկերը մոտիկանում է կրկիտկական վիճակի. հետեւանքը տեսանելի ապագայում այդ բնակավայրերի վերացումն է: 

Ընդհանարպես պետք է հաշվի առնել մեկ կարեւոր հանգամանք. Գոյություն ունի բնկավայրի բնակչության շեմ, որից ավելի նվազելու դեպքում ուղղակի անհնար է դառնում բնակչության վերարտադրությունն այդ բնակավայրում եւ տեղի է ունենում բնակչության ծերացում, ապա բնակավայրի վերացում :

Մեր երկրի դեպքում, պետության տարածքի իրացումը, բնակչության ճիշտ տեղաբաշխումը եւ տարածքային համաչափ զարգացումն ունի ռազմավարական նշականություն եւ պետք չէ հապաղել:

Արցախի Հանրապետության տարածքային համաչափ զարգացումը, վերաբնակեցումը, ժողովրդագրական աճը, մարդկանց կյանքի որակի բարձացումը միմյանցով պայմանավորված գործոններ են եւ պետք է լինեն պետական քաղաքականության մշտական հոգացության եւ կառավարման ամենամյա օրակարգում:

Գրում է Սևակ Խաչատրյանը իր ֆեյսբուքյան էջում