Երևանում տրանսպորտի սակագինը կբարձրանա՞․ այն...

Իշխանափոխությունից հետո, երբ Նիկոլ Փաշինյանի թիմակից, դերասան Հայկ Մարությանը դարձավ Երևանի քաղաքապետ, քննարկումներ սկսվեցին քաղաքային տրանսպորտի նոր համակարգի ներդրման մասին։  Իշխանությունները հասկանում են, որ պետք է փոխեն տրանսպորտային համակարգը, բայց նաև չեն կարողանում ֆինանսական միջոցներ գենեռացնեն, որպեսզի  կատարեն իրենց նախընտրական խոստումը։

Իշխանությունները ցանկանում են ամենահեշտ ճանապարհով գնալ, թանկացնել հանրային տրանսպորտի սակագինը, որպեսզի կարողանան անհրաժեշտ դրամական միջոցներ ապահովել։ Ըստ նախնական քննարկումների՝ կհանվեն գազելները, բայց համակարգը չի փոխվի, փոխարենը տրանսպորտի սակագինը կարող է դառնալ մինչև 200 դրամ։

Օրերս ֆեյսբուքյան «Իմ քայլը» էջը հարցում էր կազմակերպել տրանսպորտի սակագնի թանկացման մասին։ Իշխանությունները ամեն կերպ հերքեցին իրենց կապը էջի հետ, հայտարարելով, որ իրենք թանկացման մասով քննարկումներ չեն իրականացնում։ Եվ ահա իշխանությունների հերքումներից հետո նույնանման հարցում է կազմակերպում Հանրային հեռուստաընկերությունը «YouTube»-ի միկրոբլոգում։

Հարցմանը մասնակցած 17 հազար քաղաքացիների 76%-ը կողմ է թանկացմանը։ Հարցման մեջ նշված է, որ մաշված ավտոբուսները կփոխարինվեն նոր և հարմարավետ ավտոբուսներով։ Խոսքը բելառուսական «Մազ» մակնիշի ավտոբուսների մասին է։ Ինչպես արդեն նկատել էինք, խոսքը  ամբողջական համակարգի բարելավման մասին չէ։ Պարզապես իշխանությունները ցանկանում են լեգիտիմացնել սպասվող թանակցումը։ Հանրայինի հարցումը, ըստ էության, թանկացման հարցը օրակարգ բերելու սկիզբն է լինելու։