Երևանն ավելի է մեկուսանում

Օրեր առաջ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն Թբիլիսիում կայացած Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան ԱԳ նախարարների ութերորդ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Անկարան, Թբիլիսին եւ Բաքուն կապում են իրար Լոնդոնն ու Պեկինը։ Սա թերեւս բավական հավակնոտ հայտարարություն է, որը թեեւ առաջին հայացքից Հայաստանի հետ կապ չունի, սակայն իրականում, սուր ծայրով հենց Հայաստանի դեմ է ուղղված։ Իսկ հանդիպման ընթացքում մասնակից երկրների միջեւ ստորագրվել է 2020-2022 թվականների համագործակցության նոր գործողությունների ծրագիր։

Հանդիպման մասնակիցները խոսել են նաեւ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նշանակության մասին, որպես տրանսպորտային տարանցիկ ենթակառուցվածքային միավոր։ Որքան էլ, որ ցավոտ լինի Երեւանի համար, սակայն օբյեկտիվ իրականությունն այն է, որ թուրք-ադրբեջանական ճնշմամբ Հայաստանը աստիճանաբար ավելի ու ավելի է մեկուսացվում Հարավային Կովկասում։

Վրաստանը, որքան էլ, որ լավ հարաբերություններ ունենա Երեւանի հետ, սակայն այս դեպքում որեւէ կերպ Հայաստանին այդ մեկուսացումից դուրս բերելու առումով քայլեր չի ձեռնարկի, քանի որ նախ դա իր շահերին է վնաս, քանի որ այժմ Հայաստանի հետ Թուրքիայի եւ Ադրբեջանի փակ սահմանների առկայությամբ ունի բացառիկ կարեւոր տարանցիկ նշանակություն ռեգիոնում եւապա, տարածքային կորուստներ տեսած Թբիլիսին, որը կողմնակից է տարածքային ամբողջականության սկզբունքի շեշտադրմանը, առանձնապես կարիք չունի խառնվելու այնպիսի մի թնջուկի մեջ, ինչպիսին Ղարաբաղյան հակամարտությունն է։

Ավելին, նույնիսկ ընդունած հայտարարության մեջ ևս մեկ անգամ ընդգծել են, որ վճռական աջակցություն հայտնելու երեք երկրների ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և ճանաչված միջազգային սահմաններին: Ավելին, հայտարարության մեջ կողմերը հերթական անգամ կարևորել են Աբխազիայում և Ցխինվալում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում հակամարտությունների կարգավորումը՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի, մասնավորապես, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված պետական սահմանների անձեռնմխելիության վրա, ինչպես նաև համաձայն ՄԱԿ, ԵԱՀԿ և ԵՄ համապատասխան բանաձևերի և դրույթների, ինչը նշանակում է, որ Վրաստանի համար այն դրությունը, որը կա այսօր ռեգիոնում լիովին ձեռնտու տարբերակ է։