Երեւանի համար կարեւոր է Ադրբեջանի ընտրական գո...

Հաշված օրեր անց Ադրբեջանում տեղի կունենան արտահերթ պառլամենտական ընտրություններ։ Այս պահին այդ երկրի ողջ տարածքում բուռն կերպով ընթանում է նախընտրական քարոզչությունը։ Ավելի քան հազար թեկնածու փորձելու է շահել ադրբեջանցի ընտրողի քվեն ու հայտնվել պառլամենտում, որը դատելով, տեղի ունեցող զարգացումներից, առաջիկա տարիներին դառնալու է թարմացված կամ նորացված իշխանության հենարանը։ Հայաստանում, որքան էլ զարմանալի է, սակայն, այդ ընտրությունների հանդեպ հետաքրքրությունը բավական ցածր է։

Մեզ մոտ ներքաղաքական օրակարգը կամ այն, ինչ անվանվում է այսօր ներքաղաքական օրակարգ, կլանել է ամեն ինչ։ Մինչդեռ, իրականում Ադրբեջանում, ինչպես նաեւ Ռուսաստանում տեղի է ունենում իշխանության տրանզիտ։ Եթե Ռուսաստանում դա սահմանադրական փոփոխությունների, պետական ինստիտուտների լիազորությունների վերաբաշխման եւ դրա արդյունքում մի այնպիսի համակարգի ձեւավորումն է, որը կրկին կպահի հիմնական լծակները իշխող վերնախավի ձեռքին, ապա Ադրբեջանում ամեն ինչ շատ ավելի պարզ է։

Ինչպես եւ խոսվում է ամիսներ շարունակ, այստեղ տրամաբանությունը ավելի «արեւելյան» է, այսինքն, կարեւորություն է տրվում առաջին փոխնախագահին, կլանային դերակատարությունների վերաբաժանում է իրականացվում փափուկ ուժի կիրառմամբ, որը կարելի է համարել իշխանության թարմացման հանգրվաններից մեկը եւ զգուշորեն ձեւավորվում է նորացված համակարգը։ Արդյունքում իշխանությունը մնում է նույն ընտանիքի ձեռքում, կլանային վերադասավորություն է տեղի ունենում, արդեն հասարակության համար տեսանելի հատվածը որակվում է իշխանության նորացում, նոր թիմ, երիտասարդ գործիչներ, ավելի եվրոպական դիմագծով, ինչը հասարակությանը հույս կներշնչի, որ խնդիրները, որոնք կուտակվել են, վերջապես կսկսեն լուծվել, ամեն ինչ մեծ հաշվով ՝ նավթի ու գազի ոլորտում կմնա նույնը, գոհ կմնան նաեւ արտաքին գործընկերները․ ինչպես ասում են՝ գայլերն էլ կուշտ կմնան, ոչխարներն էլ ապահով։

Սպասել, որ ընտրությունները կարող են քաղաքական լուրջ փոփոխություններ կամ ցնցումներ բերել իրենց հետ, առավել եւս կոշտ իշխանափոխության պատճառ դառնալ, անիմաստ է։ Ադրբեջանն առաջին հերթին նավթագազային պետություն է եւ որպես այդպիսին պետք է մնա խաղաղ ու կայուն․ դա տրանսնացիոնալ կորպորացիաների կամքն է, որոնք հսկայական ներդրումներ ունեն այդ երկրում։

Պատահական չէ, որ Դավոսյան գագաթնաժողովում Իլհամ Ալիեւն առանձնահատուկ հանդիպում ունեցավ BP-ի ղեկավար Ռոբերտ Դադլիի հետ։ Երեւանի համար կարեւոր է այս ամենը, որովհետեւ մի քանի ամսից կարող է պարզվել, որ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցելու կարող է գալ Մեհրիբան Ալիեւան, ու նախնական առումով պատրաստ լինել պետք է ցանկացած սցենարային զարգացման։