Երևանի դատախազը պահանջում է բեկանել Նորատուսց...

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում, դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ այսօր` ապրիլի 19–ին շարունակվեց քրեական հեղինակություններ Նորատուսցի Ալիկ մականունով հայտնի Ալիկ Բանդուրյանի եւ Չարբախցի Գեղամ մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունը։

Նշենք, որ այս գործով բողոք է ներկայացրել մեղադրող կողմը եւ Չարբախցի Գեղոմ անունով հայտնի Պետրոս Իսրայելյանի պաշտպան Միհրան Պողոսյանը։ Վերջինս դատարանից պահանջում է բեկանել առաջին ատյանի դատարանի կայացրած դատավճիռը , հռչակել նրա անմեղությունը եւ արդարացնել նրան։

Այսօրվա դատական նիստում իր բողոքը ներկայացրեց Երեւան քաղաքի դատախազ Գեւորգ Բաղդասարյանը։ Նկատենք, որ նա առաջին անգամ է, որպես մայրաքաղաքի դատախազ դատարանում բողոք ներկայացնում:

Բաղդասարյանը Վերաքննիչից պահանջում է ամբողջությամբ բեկանել եւ փոփոխել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ալիկ Բանդուրյանի, Պետրոս Իսրայելայնի եւ Արմեն Գասպարյանի վերաբերյալ դատավճիռը: Դատախազը մանրամասնորեն ներկայացրեն այն իրավական հիմքերը, որոնք ըստ մեղադրող կողմի դատարանը հաշվի չի առել դատավճիռ կայացնելիս։

Ըստ մեղադրողի՝ թեեւ այս գործով վկաները դատարանում ոչ արժանահավատ ցուցմունքներ են տվել, այնուամենայնիվ գործով ամբաստանյալների հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումները վկայում այն մասին, որ ամբաստանյալները նախապես տեղյակ են եղել նախապատրաստվող հանցագործության մասին, նրանցից Ալիկ Բանդուրյանը՝ հանձնարարել է Պետրոս Իսրայելյանին գործով տուժող Մուշեղ Մուշեղյանին մորթել, սատկացնել, մահակներով ոտքերը ջարդել եւ այլն։ Դատախազը հատվածներ հրապարակեց ամբաստանյալների հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումների վերծանումներից։

Նշենք, որ առաջին ատյանի դատարանը ամբաստանյալներ Արմեն Գասպարյանի, Ալիկ Բանդուրյանի եւ Պետրոս Իսրայելյանի միջեւ տեղի ունեցած խոսակցությունների գաղտնալսումները, ինչպես նաեւ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված ամփոփագրերի զննության արձանագրությունը դրանց եւ նույն եղանակով ձեռք բերված ձայնի նմուշների վերաբերյալ դատաձայնագրային փորձաքննության եզրակացություն, որպես ապացույց անթույլատրելի է ճանաչել։

Այսպիսով Բաղդասարյանը պահանջում է ամբաստանյալ Պետրոս Իսրայելյանին մեղավոր ճանաչել ՀՀ քր. օր-ի 104 հոդ. 2-րդ մասի 7-րդ կետով (սպանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից) նախատեսված հանցագործության կատարման համար եւ նրա նկատմամբ որպես պատիժ նշանակել ազատազրկում 14 տարի ժամկետով, ամբաստանյալ Ալիկ Բանդուրյանին մեղավոր ճանաչել ՀՀ քր. օր-ի 38-112 հոդ. 2-րդ մասի 6-րդ կետով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելուն դրդելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից) նախատեսված հանցագործության կատարման համար եւ նրա նկատմամբ որպես պատիժ նշանակել ազատազրկում 8 տարի ժամկետով, ամբաստանյալ Արմեն Գասպարյանին մեղավոր ճանաչել ՀՀ քր. օր-ի 335 հոդ. 1-ին մասով (հանցագործության մասին չհայտնելը) նախատեսված հանցագործության կատարման համար եւ նրա նկատմամբ որպես պատիժ նշանակել ազատազրկում 1 տարի 6 ամիս ժամկետով:

Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանի՝ 2018թ. դեկտեմբերի 18-ի դատավճռով՝ գործով ամբաստանյալ Ալիկ Բանդուրյանը՝ Նորատուսցի Ալիկը, որ մեղադրվում էր միջին ծանրության մարմնական վնասվածք հասցնելուն օժանդակելու համար, արդարացվեց, անմեղ հայտարարվեց եւ ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից։ Չարբախցի Գեղամ մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանը մեղավոր ճանաչվեց խմբի կազմում միջին ծանրության մարմնական վնասվածք հասցնելու համար եւ դատապարտվեց 4 տարվա ազատազրկման, սակայն համաներման կիրառմամբ ազատ արձակվեց պատժի կրումից, իսկ Ալիկ Բանդուրյանի թիկնապահը՝ «Բդո» մականունով հայտնի Արմեն Գասպարյանը, որ մեղադրվում էր առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելուն օժանդակելու համար, արդարացվեց։