Էրդողանը պատերազմ է ցանկանում Արցախում․ ինչու...

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Ադրբեջան ադրբեջանական մամուլւ ներկայացնում է որպես եզակի պատմական իրադարձություն։ Հատկապես ուշադրության կենտրոնում են պահվում երկու նախագահների հայտարարությունները, որոնք արվել են ինչպես երկկողմ հարաբերությունների, այնպես էլ ռեգիոնալ պրոբլեմատիկայի եւ Ղարաբաղյան կարգավորման առնչությամբ։

Առհասարակ այնպիսի տպավորություն է, որ այս այցը հատկապես նվիրված է Ղարաբաղին։ Նախ Ալիեւի հայտարարությունը, որ Ղարաբաղն Ադրբեջան է եւ ապա Էրդողանի հայտարարությունները, որ իրենք միանում են Բաքվի հայտարարությանը, թե Ղարաբաղն Ադրբեջան է եւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը նաեւ իրենց խնդիրն է եւ իրենց երազանքն է, որ Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվի Ադրբեջանի սուվերենության եւ տարածքային ամբողջականության շրջանակներում։

Էրդողանը Բաքվում գոտեպնդել է Ալիևին․«Ալիեւն իմ եղբայրն է, իմ եղբայրն ասում է, որ Ղարաբաղն Ադրբեջանի մի մասն է, հենց Ադրբեջան է Ղարաբաղը, ես հաստատում եմ իր խոսքերը»,-հայտարարել է Թուրքիայի նախագահը։

Այն, որ Ղարաբաղյան հարցը խոսվելու էր Բաքվում, հասկանալի էր ինքնին։ Սիրիական Իդլիբում պարտվող Էրդողանը բնականաբար պետք է խոսեր Ղարաբաղի մասին, քանի որ սա հնարավորություն է իր համար թիկունքից ճնշում գործադրել Մոսկվայի վրա։ Այլ է իհարկե, հարցը, թե Մոսկվան որքանով կնահանջի եւ ապա Բաքուն որքանով կտրվի Իդլիբի դիմաց Ղարաբաղ թեժացնելու արկածախնդրությանը։

Մի կողմից, իհարկե, Բաքվին ձեռնտու է մտնել նման արկածախնդրության մեջ ու առկախել հետընտրական ցնցումները իր մոտ, սակայն մյուս կողմից, Բաքվում լավ են հասկանում, թե ինչքան կարեւոր է իրենց համար ռուս-ադրբեջանական հարաբերությունները։ Ուստիեւ ինչ որ չափազանց կարեւոր երաշխիք պետք է Բաքուն ստանա Անկարայից, որպեսզի փորձի Մոսկվայի քթի տակ խաղեր տալ։