Էրդողանը կարող է պատերազմ հրահրել Ղարաբաղում․...

Սիրիական Իդլիբում իրադրության սրացումը, որտեղ Ասադի կառավարական ուժերը, բառի բուն իմաստով չեզոքացնում են դիմադրող թուրքամետ զինյալներին, կարող է արտացոլվել Հարավային Կովկասում տիրող իրադրության վրա։ Այս մասին գրում է Վյաչեսլավ Միխայլովը Eadaily.com-ում։

Հոդվածագիրը նախազգուշացնում է, որ Թուրքիան պարտություն կրելով Սիրիայի հյուսիսում, կարող է Ռուսաստանի հետ իր ռազմաքաղաքական առեւտրի մեջ որպես արգումենտ օգտագործել Հարավային Կովկասը եւ հրահրել պատերազմ Ղարաբաղյան հակամարտության գոտում, որտեղ եւ Հայաստանը եւ Ադրբեջանը բացահայտ կերպով պատրաստվում են նոր պատերազմի։

Հոդվածագիրը կարծում է, որ Էրդողանը հետաքրքրված է, որպեսզի պահպանի բուֆերը Սիրիայի եւ Թուրքիայի միջեւ՝ սիրիական զինված ընդդիմության տեսքով, որը ներկայումս քանդում է սիրիական կառավարական բանակը։ Ընդ որում, եթե հաշվի առնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը չպետք է աջակցի սիրիական կառավարական ուժերին եւ նախագահ Ասադին Իդլիբում, ապա Վյաչեսլավ Միխայլովի վարկածը լիավին կենսունակ կարող է դառնալ։

Եթե Թուրքիան կարողանա ստանալ ԱՄՆ աջակցությունը, ապա ամենայն հավանականությամբ կդրդի Ադրբեջանին սկսել ռազմական գործողություններ եւ ամեն բան կանի, որպեսզի հակամարտությունը պահպանի «թեժ» վիճակում, որպեսզի ստիպի Ռուսաստանին գնալ զիջումների։