Էրդողանը հայտնվել է ծանր իրավիճակում

Երեկվանից Էրդողանը հայտնվել է ծանր իրավիճակում։ Ասադի ուժերը օդային հարձակման են ենթարկել թուրքական դիրքերը։ Զոհվել է 33 թուրք զինվորական։ Թուրքական կողմը պատասխան կրակ է բացել։ Հուլուսի Աքարը մեկնել է թուրք-սիրիական սահման։ Սամբուլում հակասիրիական եւ հակառուսական ցույցեր են ռուսական գլխավոր հյուպատոսության առաջ։

Էրդողանը անվտանգության խորհրդի արտակարգ նիդտ է հրավիրել, ապա նաեւ՝ դիմել ՆԱՏՕ-ին, Իդլիբի սրացման հարցով արտակարգ նիստ հրավիրելու համար։ Մինչ այս, թուրքական մամուլը հայտարարում է, որ Անկարան կարող է փակել ռազմական նավերի համար Բոսֆորի եւ Դարդանելի նեղուցները, եւ հետաձգել Ս-400 համակարգերի մատակարարման ծրագիրը։ Էրդողանի խորհրդականն էլ խոսում է ռուսներից վրեժ լուծելու մասին, ակնարկելով, որ թուրքերը կարող են ներսից քայքայել Ռուսաստանը։

Մեղմ ասած, Էրդողանը հայտնվել է ծանր իրավիճակում եւ չի կարողանում ելք գտնել։ Հասկանալի է, ուղղակի մեղադրել ռուսներին չի կարող։ Ռուսաստանի հետ էլ ուղիղ առճակատման գնալ չի կարող, որովհետեւ հաշված ժամեր կպահանջվեն, որպեսզի Մոսկվան ջախջախի Անկարային։ Հյուսիս-Ատլանտյան դաշինքից ու ԱՄՆ-ից ակնյալիքները մեծ չեն։ Ի վերջո նույն դաշինքի ներսում Պուտինի հետ սիրախաղի պիկին նա մեծ ճեղքվածք էր առաջացրել ու հիմա դրա պատասխանն հասցնելու ՆԱՏՕ-ի անդամ երկրների հերթն է։ ԱՄՆ-ն կարծես թե հասկացնում է, որ թուրք-սիրիական սահման չի վերադառնա։

Դիվանագիտական ուղիներով հարցը լուծելն էլ հնարավոր չէ, կարծես թե, որովհետեւ Պուտինը չի համաձայնել Սիրիայի հարցով քառակողմ հանդիպմանը մասնակցել, որը փորձում էր գլուխ բերել Անկարան։ Հասկանալի է, Ռուսաստանը այս կերպ ստիպում է Անկարային կատարել Սոչիի իր պայմանավորվածությունների այն մասը, որը չէր կատարել, ինչպես փաստել է Սերգեյ Լավրովը։ Նահանջելու տեղ չկա, քանի որ ռուսական ֆրեգատներն արդեն Բոսֆորի եւ Դարդանելի նեղուցներում են հատուկ հրթիռային համակարգերով օժտված, իսկ Ս-400-ներից հրաժարումը կլինի սուվերենությունից հրաժարում Անկարայի համար։