Էրդողանը կայցելի Ծիծեռնակաբերդ

12799338_10204304247201072_997914606668567568_nԵրեկ քաղաքացիները, հասարակական և քաղաքական գործիչները Մյասնիկյանի արձանի մոտ գալիս էին հարգելու 2008 թվականի մարտի 1-ի տասը անմեղ զոհերի հիշատակը: Ամեն ինչ կարծես սովորականի նման էր: Մարդիկ գալիս էին ինչպես եկել են անցյալ տարիներին, սակայն մի բան անհասկանալի էր բոլորի համար` ինչու էին եկել ոստիկանության աշխատակիցները: Այն ինչ տեղի է ունեցել 2008 թվականի մարտի 1-ին իրականացվել է ոստիկանության ձեռքով, համենայն դեպս 10 քաղաքացիներից մի քանիսը սպանվել են այնպիսի զենքով, որոնք առկա են եղել միայն ոստիկանական զորքերի սպառազինության կազմում: Մինչ այսօր, նաև ոստիկանության անգործության շնորհիվ բացահայտված չէն սպանություն իրականացնողները: Որևէ ոստիկան իր գործողությունների համար պատասխանատվության չի ենթարկվել և այսքանից հետո գալ հարգելու, այդ նույն զոհերի հիշատակը կարծում ենք ցինիզմ է: Հիշատակի միջոցառումներին եկել էր նաև ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ Վալերի Օսիպյանը, իսկ պարոն Օսիպյանը կարող է հիշել, թե ինքը որտեղ է եղել 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի օրերին և ինչով է զբաղվել:

Այսքանից հետո թող զարմանալի չլինի, եթե ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ այցելի Էրդողանը և հարգի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Իհարկե Էրդողանը կարող է գալ և շատ լավ կլինի, որ գա, սակայն միայն ցեղասպանության փաստն ընդունելուց և դատապարտելուց հետո:

Մարտի 1-ի զոհերի հիշատակը հարգելու կարող են գալ նաև ոստիկանները, բայց միայն գործը բացահայտելուց և իրենց շարքերը այդ հանցագործության հետ կապ ունեցողներից մաքրելուց հետո:

Հ.Գ. Իհարկե ոստիկանության համակարգում կան բազմաթիվ ազնիվ մարդիկ և խոսքը բոլոր ոստիկանների մասին չէ, բայց քանի դեռ բացահայտված չեն մեղավորները ոստիկանական համազգեստը արատավորված է:

Դիտվել է 932 անգամ
 


Այս թեմայով