Երբ Հայկ Մարությանն իր նախընտրական քարոզարշավ...

«Այս այգին Հայկ Մարությանի վաստակը չէ: Դա Տարոն Մարգարյանի քաղաքապետության ընթացքում «Ելք» խմբակցության քվեարկության արդյունքում կառուցված այգին է»,-Politik.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը՝ անդրադառնալով Երևանի 2800 ամյակի այգուն, որի բացումը տեղի ունեցավ այսօր:

Բացման ընթացքում քաղաքապետ Մարությանը հայտարարեց, որ Երևանի վերելակների վերանորոգման համար քաղաքացիները պետք է լինեն իրենց կողքին, քանի որ խոսքը տասնյալ միլիոնավոր դոլարների մասին է: Քաղաքապետը նշեց, որ ծրագիր է կազմվում.«Երբ ծրագիրը պատրաստ լինի, այն ներկայացվելու է կառավարությանը, քանի որ քաղաքային իշխանություններն ի վիճակի չեն միայնակ լուծելու հարցը, տասնյակ միլիոնավոր դոլարների անհրաժեշտություն կլինի»:

Անի Խաչատրայանն այս մոտեցումը սխալ համարեց. «Իսկ ի՞նչ է, քաղաքապետարանի աշխատանքը միայ սեփական աշխատավարձերը բարձրացնե՞լն է: Մենք ասում էինք՝ վերելակների սպասարկման բյուջեն մի կրճատեք, հակառակն արեցին: Դրա համար էլ արդյունքներն աղետալի են: Թե աղբահանություն, թե տրանսպորտ, թե, արդեն ակնհայտ է, վերելակների տեխնիկական սպասարկում. ոչ մի կատարված աշխատանք այս ամիսների ընթացքում: Երբ Հայկ Մարությանն իր նախընտրական քարոզարշավում խոսում էր «մահվան» վերելակների մասին, մտածում էր՝ պետք է քաղաքացի՞ն գումար տրամադրի, որ վերելակները վերանորոգվեն: Իհարկե ոչ: Գալիս էին ղեկավարելու, որ նորոգեն»:

Ըստ Խաչատրյանի՝ վերելակների կառուցման կամ վերանորոգման գումարները պետք է քաղաքապետարանը տրամադրի.«Խոսում էին 7 մլրդ խնայողության մասին, բա այդ 7 մլրդից 7 վերելակ ինչու՞ չնորոգեցին: Թեև խնայված բյուջեին ես վերապահումով եմ մոտենում: Դա չարված աշխատանքի մնացած գումար է, ոչ թե խնայողություն»: