ԵՄ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաս...

ԵՄ հայաստանյան գրասենյակը հաղորդագրություն է տարածել, ուր նշվում է, որ Եվրոպական Միությունը խիստ կարևորում է Հայաստանում Պետական ֆինանսների կառավարման (ՊՖԿ) համակարգի բարեփոխումների օրակարգը:

«Այսօր ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը հանդիպում է ունեցել ՀՀ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի հետ: Դեսպան Վիկտորինը շնորհավորել է նախարարին «Պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թթ բարեփոխումների ռազմավարության» ընդունման, ինչպես նաև Նախարարության առաջնորդությամբ՝ դոնոր համայնքի համակարգման հանձնաժողովի նախաձեռնման կապակցությամբ:

Երկուստեք վերահաստատվել է Պետական ֆինանսների կառավարման համակարգի վճռորոշ նշանակությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումների բոլոր ընթացիկ գործընթացներում:

Դեսպան Վիկտորինը նշել է, որ ԵՄ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանի կառավարության նպատակների իրականացմանը ուղղված մասնավորապես՝ հարկաբյուջետային և մակրոտնտեսական կայունության ամրապնդմանը, ծառայությունների մատուցման արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև վերջինիս՝ աղքատության կրճատմանը և տնտեսական կառավարման բարելավմանը միտված ջանքերին», – ասված է հաղորդագրության մեջ: